Նոյեմբերի 9-ից անցել է երկու տարի, իսկ իշխանությունը հրապարակում տոնածառ է տնկում և ոչ թե սահմանները կահավորում. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանը համոզում հայտնեց, որ իշխանության քայլերը բերելու են նոր պատերազմական զարգացումների: Ըստ նրա, սակայն, իշխանությունները շարունակում են չտիրապետել իրավիճակին:
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փողկապը շատ ավելին է արել Հայաստանի, Արցախյան հակամարտության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ապահովելու համար, քան ձեր ողջ վարչակազմը»,- իշխանական շրջանակներին դիմելով՝ նկատեց ՀՀԿ-ական գործիչը:
Նա հավելեց՝ Հանրապետական կուսակցությունն անգամ այս իրավիճակում գործի է դրել իր ողջ քաղաքական զինանոցը՝ արտերկրում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները ներկայացնելու համար:
Անդրադառնալով իշխանությունների հակառուսական տրամադրություններին և այդ համատեքստում Արցախի հիմնախնդրի հնարավոր լուծման շրջանառվող տարբերակներին՝ Հենրիխ Դանիելյանը շեշտեց, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, բայց նաև նկատեց.
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է՝ լինի ռուսական տարբերակ, արևմտյան տարբերակ, կապ չունի: Այսինքն՝ պետք է հստակ ֆիքսել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Իսկ այս առնչությամբ Փաշինյանի հայտարարությունների մասին իր դիտարկումներում ՀՀԿ ԵԿ ղեկավարն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ նրա խոսքում չկան անվտանգային լուծումների մասին անդրադարձեր:
«Եթե մեր իշխանությունն ասում է՝ ունենք տնտեսական աճ, քաղաքացիները թող իրենց հարցը տան՝ որտե՞ղ են գումարները, որոնք վճարում ենք՝ որպես հարկ, եթե անվտանգությունը չի ապահովվում:
Նրանք ասում են՝ եկեք մենք ձեռքներս լվանանք Արցախից, թող Արցախի իշխանություններն իրենք իրենց համար բանակցեն, ասում են՝ գնում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու, մինչդեռ Ալիևը հայտարարում է, որ իրենց բարձունքներից տեսնում են Սյունիքը, Ջերմուկը, Սևանը և այլն. այդ մարդկանց հետ սրանք ուզում են գնալ բանակցությունների, խաբեությամբ իշխանությունը պահելու համար տարբեր գերտերությունների հետ ինչ-ինչ գործարքների են գնում, որոնք ոչ մի տեսակի ՕԳԳ չունեն ՀՀ-ի համար։ Ասում են, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար ձեռնտու չէին, և այլն, մինչդեռ այդ սկզբունքներում հստակ կետեր կային, որոնք ձեռնտու էին հայկական կողմին: Այսինքն՝ այս մարդիկ չեն տիրապետում իրավիճակին՝ հերիք չի, մի հատ էլ՝ ժողովրդին խաբում են»,- մանրամասնեց Հենրիխ Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ մարզերում և Երևանում հանդիպումներ են ունենում իրենց կուսակցության համակիրների, անդամների հետ՝ ներկայացնելով իրական վիճակը, և բացատրում, որ ունենք անվտանգության այնպիսի բացեր, որոնք չվերականգնելու դեպքում ունենալու ենք պետականության կորուստ:
Հենրիխ Դանիելյանը շեշտեց՝ չի ընկրկում մտքից, որ, ի վերջո, լինելու է ազգային միասնականություն, և հնարավորություն են ունենալու՝ միասնական քայլերով «նիկոլփաշինյանական ճահճից» դուրս գալու համար:
Մանարամասները՝ տեսանյութում