«Իշխանությունը օգտվում է սովորական ժարգոնից». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Արցախի հարցում իշխանությունն օգտվում է «սիրողական մակարդակի ժարգոնից»:
«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում նա մասնավորապես շեշտեց՝ այդ հարցում երբևիցե չի լսվել իրավական, գիտական մոտեցում:
Անդրադառնալով բուն բանակցային գործընթացին՝ իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որը մերժում է ԼՂՀ օրինական կայացումը, և կան բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որոնք ուղղակի պաշտպանության ներքո են վերցնում այն ժողովուրդներին, որոնք պայքարել են ռասիստական պետությունների դեմ ինքնորոշման իրավունքի համար:
Կոմպրոմիսների մասին իշխանությունների հայտարարություններին արձագանքելով՝ նա շեշտեց.
«Կոմպրոմիսը Ադրբեջանի և Արցախի միջև, նույնն է, ինչ փնտրել կոմպրոմիս հրեաների և գերմանական նացիստների միջև»:
Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանը նաև կասկածի տակ դրեց իշխանությունների լեգիտիմությունը՝ նկատելով, որ լեգիտիմությունը միայն ընտրությունների արդյունքները չեն որոշում:
«Քաղաքական ուժը, գալով իշխանության, պետք է հստակ հետևի Սահմանադրությանը, օրենսդրությանը. եթե չի հետևում, լեգիտիմ չէ»,- պարզաբանեց իրավապաշտպանը: