Ի՞նչ գործոններով պայմանավորած են Հայաստանում նախապատվությունը տալիս տղա երեխային
Հայաստանում ավելի շատ տղա երեխաներին նախապատվություն տալու ցուցանիշները սուր են եղել 1990-2000-ական թվականերին: Այդ ժամանակ երկրում ծնված երեխաների սեռային համամասնությունը եղել է հետևյալ կերպ՝ 120 տղա, 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնական է համարվում 105 տղա 100 աղջկա դիմաց համամասնությունը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս հարցին առաջին անգամ անդրադարձ է կատարել 2010 թվականին և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցանիշը նվազել է:
«Այդ ժամանակ տվյալները ցույց տվեցին, որ ունեցել ենք 114 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Շնորհիվ պետության ու միջազգային կառույցների ջանքերի կարողացել ենք հասնել նրան, որ դրական միտումը պահպանվի: 2021 թվականին մենք ունեցել ենք 108,8 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Սա, իհարկե, հեռու է բնական ցուցանիշներից: Ցավոք, 2022 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք աճ 3 միավորով, սակայն չէի շտապի ասել, որ սրանք ամփոփ տվյալներ են: Սպասենք տարվա արդյունքներին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ անցկացրել է «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը և պատճառները» խորագրով հետազոտություն: Նպատակն է բացահայտել նոր տվյալներ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը, նախապատվությունը։ 2022 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունք ցույց տալու կշիռը նվազել է: Ընդհանուր առմամբ մարզերում նկատվում է, որ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն ավելացել է: Եթե 2017 թվականին հարցմանը մասնակցածների 75 տոկոսը Գեղարքունիքի մարզում ասում էր, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերում երկու սեռերի նկատմամբ, ապա այս տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը նվազել է մինչև 60 տոկոսի: Ամենալավ ցուցանիշը Կոտայքի մարզում է՝ 77 տոկոս: Մայրաքաղաք Երևանում այս ցուցանիշը կազմում է 75 տոկոս:
«Տղա երեխային նախապատվություն տալու պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը սոցիալ-տնտեսական գործոնն է: 91 տոկոսը նշում է, որ տղաներն ընտանիքի տոհմը շարունակողն են, 83 տոկոսը նշել է, որ տղաները հայրենիքի պաշտպան են, 67 տոկոսը նշել է, որ որդիները ունեցվածքի ժառանգորդներն են: Ասեմ, որ աղջիկ երեխային նախապատվություն տվողների 67 տոկոսը նշել է, որ դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին, 10 տոկոսի դեպքում նշել են, որ ընտանիքում աղջիկները քիչ են և ցանկություն կա աղջիկ երեխա ունենալու, 5 տոկոսը նշել է, որ ընտանիքում աղջիկների հանդեպ սերը մեծ է»,-ասաց «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը:
Նա նշեց, որ առաջին երեխայի դեպքում սեռերի համամասնությունը հիմնականում պահպանվում է, մոտ է բնական մակարդակին: Երկրորդ երեխայի դեպքում արդեն սկսում է անհամամասնությունն աճել: Տվյալների համաձայն սեռերի ամենամեծ անհամամասնությունը 4-րդ երեխայի պարագայում է:
Հարցմանը մասնակցել է 1920 քաղաքացի Հայաստանի բոլոր մարզերից: «Բրեվիս» հետազոտական և խորհրդատվական ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը նշեց, որ հարցվողները եղել են ՀՀ քաղաքացիություն ունեցող միայն 18-49 տարեկան այն կանայք, որոնք գոնե մեկ հղիություն արդեն ունեցել են:
«Հարցազրուցավարները եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, որպեսզի ունենանք հնարավորինս անկեղծ շփման միջավայր, հարցվողները կարողանան ազատ իրենց կարծիքն արտահայտել»,-ասաց Հասմիկ Առաքելյանը:
Հետազոտության արդյունքները ներկայացվելու են համապատասխան գերատեսչություններին: Զարուհի Տոնոյանի կարծիքով՝ աշխատանքներ պետք է տանել մի քանի ուղղություններով: Նախ անելիք կա դպրոցներում, հատկապես բարձր դասարաններում, անհրաժեշտություն կա վերապատրաստումներ անցկացնել առաջին բուժօգնության օղակում: