Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին․ ո՞ր ոլորտներն է նա համակարգելու
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար,
2) արդարադատության նախարար,
3) արտաքին գործերի նախարար,
4) գյուղատնտեսության նախարար,
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
8) քաղաքաշինության նախարար,
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
- պետական վերահսկողական ծառայության պետի,
- կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
- նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
- պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
- պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
- ջրային կոմիտեի նախագահի: