«Խորհրդավոր ընթրիք»՝ երևանյան ռեստորանում

Օրեր առաջ 168.amը տեղեկացրել էր, որ լարվել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները: Եվ թեպետ վերջին կոնֆլիկտի ֆորմալ առիթը մի պարգևատրման պատմություն էր, սակայն պրոբլեմն ավելի խոր արմատներ ունի:

Աննա Վարդապետյան-Քննչական կոմիտե խզումը գալիս է դեռևս այն ժամանակներից, երբ գործող գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականի պաշտոնում փորձել է կուրացիա անել ՔԿ-ի աշխատանքը՝ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործին միջամտելու սկանդալից հետո՝ չհրաժարվելով այդ գայթակղությունից:

Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից, սակայն, ըստ ամենայնի, Աննա Վարդապետյանը չի մոռացել այդ օրերի մանրամասները:

Ինչևէ, Քննչական կոմիտեի օրվա հետ կապված մեդալների շուրջ ծագած սկանդալից հետո Աննա Վարդապետյանը, հավանաբար հասկանալով, որ կոռեկտ չի եղել իր արած քայլը, Արգիշտի Քյարամյանին դեպքից օրեր անց հրավիրել է Գլխավոր դատախազության մոտակայքում գտնվող երևանյան ռեստորաններից մեկը՝ հարթելու տարաձայնությունները:

Կարդացեք նաև

Արտաքուստ մտերմիկ զրույցը, սակայն, 168.am-ի տեղեկություններով՝ չի ընթանում նախապես ծրագրվածի պես, որովհետև Աննա Վարդապետյանը կրկին խոսում է ՔԿ-ի աշխատակիցների ոչ կոմպետենտության մասին, իսկ Արգիշտի Քյարամյանն էլ պաշտպանում է  իր գերատեսչության շահերը:

Այս հանդիպման արդյունքների մասին է խոսում նաև հանդիպումից օրեր անց՝ հոկտեմբերի 27-ին, Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը մարզային երկու դատախազի նկատողություն տալու մասով:

«Մասնավորապես, Վ.Լ.-ն և Ա.Մ.ն, պատասխանատու լինելով քրեական գործի նախաքննության բնականոն ընթացքի և նախաքննությունը ողջամիտ ժամկետում կատարելու համար, թիվ 43161621 քրեական գործով հսկողություն չեն ապահովել մինչդատական վարույթի ընթացքի նկատմամբ, չեն դրսևորել բավարար հետևողականություն գործով էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ստուգման համար անհրաժեշտ քննչական գործողությունները ժամանակին և առանց անհարկի ձգձգումների կատարելու ուղղությամբ:

Արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից տևական ժամանակ դրսևորվել է անգործություն, որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների ակնհայտ առկայության պայմաններում այդ գործողությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ ժամանակին: Նշված քրեական գործով նախաքննությունն ընթացել է թերի և անհարկի ձգձգումներով, չեն պահպանվել 1998թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար»,- մասնավորապես նշված է Գլխավոր դատախազի որոշման հիմնավորման մեջ:

Պարզ ասած՝ Աննա Վարդապետյանն ասում է՝ քննիչների պատճառով դատախազները նկատողություն են ստացել:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են. Գլխավոր դատախազ-ՔԿ նախագահ հակամարտությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս