«Մենք, իշխանության գալով և առերեսվելով այս իրավիճակի հետ, մեզնից կախված ամեն ինչ արեցինք ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավատարիմ են մնացել իրենց քաղաքական ծրագրին, ինչը մի դեպքում՝ հաջողություն է բերել, մի դեպքում՝ անհաջողություն:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի պարագան, դեպքը հենց դրա մասին է: Ինչու այդպես եղավ, որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը մենք պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Եվ մենք, ինչպես ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով՝ համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի, նույն կերպ էլ մենք գնացել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի հետևից:

Մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս առումով ուզում եմ 2 մեջբերում անել. Առաջինը՝ ՀՀ անկախության հռչակագրից, որն ընդունվել է 1990-ի օգոստոսի 23-ին, և երկրորդը՝ ՔՊ հիմնադիր ծրագրից, որն ընդունվել է 2015-ին:

Մեջբերում առաջին՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Սա կարևոր է, որովհետև մեր պետության՝ ՀՀ անձնագիրն է: 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ինձ ուղղված ամենամեծ քննադատությունն այն էր, որ ես հայտարարել եմ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ընդ որում՝ այդ քննադատության հեղինակները ՀՀ-ն երկար տարիներ ղեկավարած մարդիկ էին՝ սկսած 1990-ից: Դա ընդամենը մի բանի մասին էր վկայում, որ Հայաստանի անկախության առաջին օրից սկսած, ըստ էության, ՀՀ անկախության հիմունքները հետևողականորեն քայքայվել և փլուզվել է, որովհետև Հռչակագրի ընդունման առաջին օրից հետո այս ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել, երբ 1991-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում էր անկախություն, այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում այս ծրագրից կատարյալ հրաժարում տեղի ունեցավ: Եվ այն ժամանակ, երբ 2007-ին Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ-ում իշխող ուժը, մարդիկ, ըստ էության, ոչնչացրեցին նաև ԼՂ անկախության հռչակման հիմքերը: Եվ մենք իշխանության գալով և առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձեցինք և մեզնից կախված ամեն ինչ արեցինք ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար: Մենք արձանագրեցինք, որ ՀՀ–ն՝ պետական իշխանության մակարդակով, 1991-ից մինչև 2018-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել են պետության հիմունքները: Եվ հետո պարզեցինք, որ մենք մեր ջանքերով այլևս ի վիճակի չենք վերականգնել»,- ասել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս