«Կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչ են ասում». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր վստահեցրեց՝ սեղանի վրա դրված որևէ փաստաթուղթ չկա, որը պատրաստվում են ստորագրել Ադրբեջանի հետ, փոխարենը՝ կան հազարավոր առաջարկներ ու հարյուրավոր կարծիքներ։

«Կան տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային միտված առաջարկներ։ Կան բոլոր տեսակի առաջարկներ, նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի և տարբեր շրջանակներում տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի պատկերացում, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան  մուտքի արգելքին, Ալեն Սիմոնյանն ասաց, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ որևէ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություն արած յուրաքանչյուր անձ պետք է այդպես լինի, քանի որ Հայաստանն իրենց համար «կարմիր գիծ» է։

«Հետևաբար՝ բոլոր այդ ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- նշեց ԱԺ նախագահը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքին, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Նման տեղեկատվություն չունեմ, սակայն չեմ բացառում, որ թե՛ նա, թե՛ նրա ամուսինը, և հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, նաև այլ անձինք, ովքեր Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, նաև ՀՀ նախկին ղեկավարների հանդեպ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն… կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչ են ասում»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս