Մահացու սովորություն. գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասը փոխում օրգանիզմը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր քնի պակասը հանգեցնում է մոլեկուլային մակարդակի լուրջ խանգարումների՝ փոխվում է իմունային բջիջների կառուցվածքը։ Սա նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը և, ի վերջո, վաղաժամ ծերացմանը։ Քնի խանգարման բացասական հետևանքների մասին ներկայացնում «ՌԻԱ Նովոստիի» լրագրող Վլադիսլավ Ստրեկոպիտովը, գրում է shantnews-ը։
Քունը մարդու հիմնական կարիքներից մեկն է, ինչպես ուտելը, խմելը կամ շնչելը: Բոլորը գիտեն՝ եթե մեկ անգամ մարդը բավարար չափով չի քնում, արդյունավետությունն իջնում է, ռեակցիան վատանում, տրամադրությունն ընկնում է։ Քնի քրոնիկ պակասը խախտում է նյութափոխանակությունը, մեծացնում է նյարդային, սրտանոթային, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդությունների զարգացման վտանգը, սրում բազմաթիվ առողջական խնդիրներ։
Մարդկանց մոտ, ովքեր խնայում են քունը, բժիշկները հաճախ նշում են արյան մեջ բորբոքման հիմնական մարկերի՝ C- ռեակտիվ սպիտակուցի բարձր ցուցանիշները, ինչպես նաև զարկերակային բարձր ճնշումը: Այս ամենը, ըստ մասնագետների, վկայում է սրտի մկանների ծանրաբեռնվածության մասին, կարող է հրահրել աթերոսկլերոզ, մեծացնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը։
Վերջապես, բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են քնի պակասի և գիրության միջև կապը: Քնի պակասը լրջորեն ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա՝ մեծացնելով սովի զգացումը և նվազեցնելով հագեցվածության զգացումը։ Սա հանգեցնում է չափից շատ ուտելուն և քաշի ավելացման:
Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ երկարատև քունը նպաստում է ուռուցքաբանական պաթոլոգիաների զարգացմանը: Պատճառը օրգանիզմի կենսական ուժերի սպառումն է և, որպես հետևանք, իմունային համակարգում խնդիրները. այն չի կարողանում ժամանակին ճանաչել և չեզոքացնել չարորակ ուռուցքները։
Առաջին հերթին տուժում է մարմնի պաշտպանիչ գործառույթը։ Լավ քունը նպաստում է հեմոցիտոբլաստների՝ ամենավաղ ցողունային բջիջների բնականոն վերարտադրությանը և ծրագրավորմանը, որոնք առաջացնում են մյուսները, ներառյալ լիմֆոցիտները և մոնոցիտները՝ իմունային համակարգի հիմնական տարրերը:
«Քնի պակասը ճնշում է T-բջիջների իմունիտետը: Այնուհետև մարդն ավելի հակված է վարակիչ հիվանդությունների. իսկ պատվաստումը նրան ավելի քիչ պաշտպանություն է տալիս հիվանդություններից»,- ասում է Քնի բժշկության կենտրոնի բժիշկ, Ռուսաստանի սոմնոլոգների միության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Սոֆյա Չերկասովան։
Նյարդաբան-սոմնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Զավալկոյի խոսքով՝ քնի որակն ազդում է ինչպես իմունային բջիջների քանակի, այնպես էլ իմունային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի՝ որպես ամբողջություն՝ ցիտոկինների և ինտերլեյկինների ազատման վրա։
«Քունն օգնում է օրգանիզմին հաղթահարել բորբոքումները, և դրա պակասը կարող է հանգեցնել աուտոիմուն հիվանդությունների»,- բացատրում է նա:
Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ քնի կանոնավոր պակասի դեպքում, նույնիսկ կարճ ժամանակով, փոխվում է իմունային ցողունային բջիջների ԴՆԹ-ի կառուցվածքը, որոնք պատասխանատու են լեյկոցիտների արտադրության համար։ Իսկ դա կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ։
Հետազոտողները 24 շաբաթվա ընթացքում հետևել են 20-75 տարեկան 14 առողջ մեծահասակների՝ տղամարդկանց և կանանց խմբին: Առաջին վեց շաբաթվա ընթացքում նրանք քնում էին ութ ժամ։ Այնուհետև տեղի է ունեցել վեցշաբաթյա ընդմիջում, որի ընթացքում մասնակիցները վերադարձել են իրենց նախկին ապրելակերպին։ Հետո ևս վեց շաբաթով նրանց քնի ժամանակը կրճատել են 90 րոպեով:
Արդյունքների մշակումից հետո պարզվել է, որ քնի սահմանափակման ժամանակահատվածում արյան նմուշներում կտրուկ աճել է իմունային ցողունային բջիջների թիվը։ Գիտնականները սա մեկնաբանել են որպես մարմնի արձագանք ներքին բորբոքմանը: Հեղինակները նշում են, որ իմունային բջիջների արտադրության բարձր մակարդակը բնորոշ է կլոնային արյունաստեղծության վիճակին, որը կապված է սրտանոթային հիվանդությունների և արագացված ծերացման ռիսկի հետ: