«Ավրորան» ապացուցել է՝ հայերը չեն հանձնվել, չեն հանձնվելու. Մխիթարյան միաբանության հարկի տակ տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ, անցկացվել է հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ:
Ինչպես հայտնում են IDeA հիմնադրամից, գիտելիքի և իմաստնության այս տաճարում հավաքվել էին մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ. մրցանակը շնորհելու դափնեկրին:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
Խոսելով «Ավրորայի» ստեղծման և նշանակության մասին՝ «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է.
«Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, 2015 թվականն էր եւ, ըստ էության, այն ութամյա հանձնառություն էր՝ խորհրդանշելով 1915 եւ 1923 թվականները, երբ փոխվեց մեր ազգի ճակատագիրը: Երբ սկսեցինք, մտածում էինք, որ մենք երեքս՝ Վարդանը, Ռուբենը եւ ես, այն կիրականացնենք ութ տարի, քանզի կարծում էինք, որ դա երկար ժամանակ է՝ Ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար: Բայց ժամանակի ընթացքում մենք սկսեցինք գիտակցել, թե այս նախաձեռնությունը ինչ ազդեցություն կարող է գործել: Եվ ամենակարեւորը՝ այն, ինչ մեզ թողել է Վարդանը, մենք պետք է դարձնենք տեւական»:
Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է «Վարդան Գրեգորյան» մարդասիրական հիմնադրամը՝ պահպանելու և ողջ աշխարհով մեկ մարդասիրական նախաձեռնություններն ընդլայնելու նպատակով:
«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ավրորան» հիմք է տալիս վստահ լինելու, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ բոլոր ճգնաժամերից, որոնց «Ավրորայի» հերոսները բախվում են ամբողջ աշխարհում, նրանք այն մարդիկ են, որոնք հիանալի աշխատանք են կատարում և առաջնորդների այն օրինակն են, որոնց պետք է հետևել:
«Մենք պետք է ունենանք մարդիկ, որոնք կլինեն, այսպես ասած, բարոյական հեղինակություններ: Եվ ես ուզում եմ անձնապես շնորհակալություն հայտնել, որ դուք դա անում եք մեզ համար, որովհետեւ արցախյան պատերազմից հետո մենք ոչ միայն հող ենք կորցրել, այլեւ հազարավոր տաղանդավոր երիտասարդների, մենք կորցրել ենք վստահությունը մեր հանդեպ։ Կարծում եմ՝ տեսնելով ձեր պատմությունները, տեսնելով, թե ինչ եք անում աշխարհի բոլոր այդ հատվածներում, դուք ինձ ուժ եք տալիս, եւ ես հավատում եմ, որ առաջնորդների հիմնական խնդիրը պետք է դառնա աշխարհն այս ճգնաժամից դուրս բերելը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ շատ էր քննարկվում ներկայիս իրավիճակում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության նպատակահարմարության հարցը, բայց որ «Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. «Կարծում եմ, սա կարեւոր ուղերձ է աշխարհին»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի Կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին, ներկայացնելով 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, նշել է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թեկնածուների անուններ են ստացվում: «Ձգտելով բարեփոխել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ «Ավրորան» աջակցում է մարդասիրության ոլորտի անհայտ հերոսներին եւ ճանաչման արժանացնում նրանց խիզախ աշխատանքը։ Սրանք աշխարհի տարբեր ծայրերում արտասովոր մարդկանց տոկունության եւ ուժի վկայությունն են, որոնց մարդկային ոգին ստիպում է օգնել ուրիշներին՝ իրենց դնելով աներեւակայելի վտանգի մեջ»,- ասել է նա:
Միջոցառման ընթացքում հայտարարվել է 2022 թվականի մրցանակի դափնեկրի՝ Ջամիլա Աֆղանիի անունը։
«Այսօր իմ ժողովրդին, իմ երեխաներին արգելում են դպրոց գնալ միայն այն պատճառով, որ նրանք երիտասարդ աղջիկներ են։ Իմ քույրերին արգելում են աշխատել եւ գումար վաստակել, քանի որ նրանք կին են։ Սա ամենամեծ պատիժն է, որ որեւէ մարդ արարած կարող է ստանալ սեփական երկրում՝ սեփական ժողովրդից։ Երբեմն մեզ թվում է, որ մարդկայնությունը վերացել է աշխարհից։ Բայց «Ավրորան» ապացուցում է, որ մարդկայնություն դեռ կա, եւ մարդասիրության ոլորտի գործիչներն իսկապես կիսում են Աֆղանստանի ժողովրդի ցավն ու տառապանքը։ Եվ ահա դուք կանգնած եք մեր կողքին եւ ձեր օգնության, ձեր աջակցության ձեռքն եք մեկնում իմ ժողովրդին, երբ նրանք դրա խիստ կարիքն ունեն»,- նշել է Ջամիլա Աֆղանին։
Ներկաները երախտիքի և շնորհավորանքի խոսքեր են հղել դափնեկրին՝ մաղթելով հաջողություն մարդասիրական իր դժվարին գործունեության մեջ:
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրը ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը: