Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը: Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ:

«Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն ենք բացել, ուղիղ թռիչքներ են սկսվել, այլ ժեստեր էլ ենք անում՝ սահմանին որոշ աշխատանքներ… մեր սահմանին սահմանազատող գետեր կան, պետք է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ կա՞ն թե ոչ, ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, ապագայում, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել: Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում և մոտեցմամբ քննարկեց, արդյունավետ հանդիպում էր»,- ասել է Չավուշօղլուն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս