Բաժիններ՝

Գյումրու երիտասարդական թատերախումբը հարթակ՝ երազողների համար

Գյումրու երիտասարդական թատերախումբը, որը ներկայացումներով հանդես է գալիս «Մտորումների թատրոնում», միավորել է երևակայություն, հետաքրքիր խառնվածք ունեցող երիտասարդների և թատերասերներին է մատուցում դասական ստեղծագործությունների ոչ սովորական մեկնաբանություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր և դերասան Արմեն Արշալույսյանը կարծում է՝ թատերախումբը երազողների համար է, կանգառ է, որտեղ ստեղծագործելու և մասնագիտական ճանապարհ անցնելու նպատակով թատերախմբի շարքերը կհամալրվեն երիտասարդ ստեղծագործողներով։

Արմեն Արշալույսյանը միշտ է ցանկացել թատերախումբ հիմնադրել, սակայն ցանկությունն իրականացրել է 2021-ի նոյեմբերին: Նրա խոսքով՝ մշակութային հայրաքաղաքում վերջին տարիներին թատրոնի հանդեպ հետաքրքրությունն ու սերը մեծացել են:

«Շատ է խոսվում այն մասին, որ գյումրեցի հանդիսատեսը քմահաճ է, խիստ, սակայն արվեստով շնչող ու ապրող քաղաքն առանց երիտասարդ արվեստագետների պատկերացնելը դժվար է։ Ո՞վ պետք է ստեղծի նման թատրոն, եթե ոչ երիտասարդները»,-ասում է նա և հավելում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղն ամեն տարի տասն ուսանող է ավարտում և կանգնում է աշխատանք գտնելու խնդրի առաջ:

«Գյումրու թատրոններում դերասանների մեծ պահանջարկ չկա։ Մի մասն, ամեն դեպքում, սպասում է առաջարկի, մյուս մասը փորձում է մայրաքաղաքում գտնել իր տեղը։ Հիմնականում, 10-ից մեկին է հաջողվում մասնագիտությամբ աշխատել: Ո՞ւր են գնալու. կասեմ՝ Գյումրու երիտասարդական թատերախումբ»,- հասցեն նշում է նա:

Թատերախումբը շուտով հանդես կգա առաջնախաղով: Բեմում կլինի «Վիկինգները հսկայի քարանձավում» շվեդական հեքիաթի բեմականացված տարբերակը։ Պրեմիերայից հետո խաղալու են Գյումրու «Մտորումների թատրոնում», հետո կսկսեն շրջագայությունները Շիրակի և այլ մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս