Բաժիններ՝

Երբ չէի ճանաչում Աստծուն

Որքան երջանիկ եմ, որ վերջապես գտա Մեկին, ով հասկացավ իմ հոգին, ճանաչեց իմ աշխարհը, ներեց իմ մեղքերը ու ներելով հանդերձ՝ հնարավորություն տվեց, նորից ապրելու։ Գիտեք, երբ մարդ հայտնվում է դժվարին ու անելանելի վիճակում, միակ ցանկությունը ո՞րն է, գտնել մեկին, ով կհասկանա իրեն, չի նախատի, մեղադրի ու շարունակ չի փնտրի առիթներ ցավեցնելու համար։ Իմ կյանքը նոր շունչ ստացավ, երբ կրկին զգացի Տիրոջ գոյությունը, հասկացա, որ միայն Նրանով կարող եմ պաշտպանված ու հոգեպես հանգիստ լինել։

Այդ պահից ապրելու ցանկությունը կրկնապատկվում է, որովհետև գիտես, որ դու պետք ես աշխարհին, զգում ես, որ քո ներկայությունը, եթե ոչ բոլորի՝ ապա գոնե այդ Միակի համար ամենից կարևորն է ու արժեքավորը։

Ես ափսոսում եմ, որ ժամանակին իմ կյանք եմ թողել այնպիսի մարդկանց, ովքեր ամեն կերպ փորձել են բաժանել ինձ Աստծուց, համոզել, որ Նա գոյություն չունի։ Իսկ դրա փոխարեն՝ գոյություն ունեն իրենք, որ ամենից զորեղն են, ամեն ինչ հասկանում են ու ամեն բան կարող են։ Ափսոսում եմ, երբեմն ինձ մեղավոր զգում, բայց հետո մտածում եմ, եթե Տիրոջ համար ես կարևոր չլինեի, Նա հաստատ չէր հեռացնի բոլորին ու մնար հենց Ինքը, ապացուցելու համար, որ Նա հավիտյան է, իսկ մնացյալ բոլորը ընդամենը ժամանակավոր։

Շատ անգամներ գուցե մոլորվեք, կորցնեք իրականության զգացումը, բայց հիշեք՝ ինչ էր ասվում Ավետարանում ․ «Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնե աստվածներ չէին, իսկ այժմ, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ, որ Աստված էլ ճանաչեց ձեզ, ինչպե՞ս եք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից ուզում եք ձեզ գերի դարձնել» (Գաղատ․ 4.8-9):

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս