Բաժիններ՝

«Հայաստանում դեռ շատ բաներ չկան, կասկադյորական դպրոցն էլ դրանցից մեկն է». Արմեն Պետրոսյան

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է կասկադյորական արվեստի, դրա դժվարությունների և նրբությունների մասին:

– Ե՞րբ է ծնունդ առել կասկադյորական արվեստը: Միգուցե, կինոյի հետ միասի՞ն:

– Ոչ: Կասկադյորական արվեստը ծնունդ է առել շատ ավելի շուտ, քան կինեմատոգրաֆը, դեռ 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի կրկեսային ակրոբատների կողմից, որոնք կրկեսում կատարում էին բարդ հնարքներ: Նրանք կոչվում էին կասկադեղներ: Այստեղից ծնունդ առավ կասկադյոր բառը, որը նշանակում է հնարքներ բանեցնող: Առաջին անգամ կինոյում, 1903թ. Նյու Ջերսի են հրավիրում նման մի ակրոբատի՝ Ֆրենկ Հանուեյ անունով, ով էլ եղել է առաջին կինոկասկադյորը: Կասկադյորական արվեստի ծնունդը համարվում է 1908 թվականը, երբ «Մոնտե Քրիստո ամրոցը» ֆիլմում հրավիրվեց այդ նույն Ֆրենկ Հանուեյը հնարքներ կատարելու համար: Եվ, ի դեպ, վճարվեց 5 դոլար, սա որպես պատմական անցում:

– Ի՞նչ ժանրերում են հիմնականում օգտագործվում հնարքներ:

– Կասկադյորական հնարքներ կարելի է կատարել ցանկացած ժանրի ֆիլմում, եթե ըստ սցենարի կա դրանց կարիքը: Բայց, չգիտես ինչու, դրանք հիմնականում օգտագործվում են արկածային ժանրի ֆիլմերում, այն ինչ կարելի է կատակերգական ժանրի ֆիլմերում ևս դրանք օգտագործել: Չնայած արդեն սառույցը շարժվել է տեղից: Չկա նաև կասկադյորական նոմինացիա հասկացողություն, որով վիրավորում են այն անձանց, ովքեր մեծ ռիսկային աշխատանքներ են կատարում ֆիլմերում: Այդ պատճառով հիմնվեց համաշխարհային ՏԱՈՒՌՈՒՍ փառատոնը՝ նվիրված միայն կասկադյորական արվեստին: Ի դեպ, մինչ օրս ամենաշատ մրցանակ՝ թվով 9, ստացել է կին կասկադյոր, իսկ տղամարդկանցից, որքան էլ դա զարմանալի է, Ալեք Բոլդուինն է, ով ստացել է 8 մրցանակ, ով վերջերս նկարահանման ժամանակ միամտաբար և ոչ իր մեղքով գնդակահարեց օպերատորի օգնականին: Անվտանգությունը պետք է ապահովեին համապատասխան մասնագետները:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք ապահովում անվտանգությունը:

– Նախ պետք է լինի կասկադյորի մասնագիտության մասին օրենք: Գանք հեռվից: Դեռ սցենարային փուլից պետք է աշխատեն հնարքների բեմադրողը: Որոշվում է կատարվելիք հնարքները, հաշվարկվում են, բեմադրվում և կատարվում են՝ օգտագործվելով անվտանգությունն ապահովող գույք և աշխատանքներ: Հնարքների ժամանակ նկարահանման հրապարակը ղեկավարում է հնարքների բեմադրողը: Բոլորը սրբորեն պետք է կատարեն նրա հրահանգները, այլապես վնասվածքների և անգամ մահվան դեպքերի համար նա պատասխանատվություն չի կրում: Դա պետք է գրված լինի պայմանագրում: Նա է հնարավորինս նվազեցնում վնասվելու ռիսկերը: Եվ հետո, ըստ պայմանագրի, կասկադյորները նախապատրաստական փուլից մինչև հնարքների կատարման փուլ պարտադիր պետք է լինեն ապահովագրված վնասվածքների և անգամ մահվան դեպքում:

– Ցանկացած ոլորտ ունի իր ներքին խոհանոցը։ Կբացե՞ք Ձեր խոհանոցի դռները:

– Որոշ դռներ կարելի է բացել: Ցանկացած մասնագիտություն, այո, ունի իր գաղտնիքները: Օրինակ՝ մենք սնահավատ ենք: Կան բաներ, որ մենք առօրյա կյանքում անգամ չենք օգտագործում: Կան օրեր, երբ չենք կատարում հնարքներ, անգամ մեծ վարձատրության դիմաց: Չնայած մասնագիտական գաղտնիքները, որոնց տիրապետում են քիչ քանակությամբ նվիրյալներ: Կարելի է ասել՝ փակ աշխարհ է: Դա է ապացուցում այն, թե մենք ինչպես ենք պատրաստում հնարքները: Անկախ իր տեսակից և բարդությունից: Մի խոսքով, ամեն մեկի խելքի բանը չէ:

– Պատմեք վերջին կատարված աշխատանքների և ապագա պլանների մասին։

– Այս մեկ տարվա ընթացքում աշխատել ենք հնդկական «Օմ» ֆիլմում, «Կոռուպցիա-2» և տաղանդավոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» գեղարվեստական ֆիլմում, որը կատակերգական ժանրում է: Շատ հետաքրքիր մոտեցումներով, ոչ ստանդարտ ֆիլմ, վստահ եմ՝ մեծ արձագանք կունենա: Նկարահանել ենք նաև երկու գովազդային հոլովակ: Երկու-երեք օր առաջ մենք ավարտեցինք նաև մեր աշխատանքերը խաղարկային դոկումենտալ պատմական ֆիլմի վրա, «Տիգրան Մեծ» անվանումով: Տեսնենք, պետք է որ շատ լավ լինի: Դե տարին էլ դեռ չի վերջացել:

– Ովքե՞ր են Ձեր կասկադյորները։

– Առաջին հերթին, նրանք իմ թևերն են: Մեր տղերքը եկան ինձ մոտ դեռ նախազորակոչային տարիքից, հիմա նրանք արդեն ընտանիքներ ունեն: Բոլորի պես մարդ են, իրենց բնավորություններով, թերություններով, առավելություններով և յուրովի հուզական աշխարհներով: Սակայն տարբերվում են շատերից՝ ընտրած վտանգավոր մասնագիտությամբ, ուրախ, կատակասեր տղերք են: Իհարկե, երբեմն ինձ զայրացնում են, բայց 5 րոպեից ավել չի տևում: Լավ են անում: Նրանք իմ ընտանիքի անդամներն են: Զիլ տղերք են, մի խոսքով:

– Իսկ կցանկանայի՞ք, որ Ձեր որդիները դառնային կասկադյորներ։

– Չեմ խոսի, որպես ծնող, քանզի ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր զավակն ընտրի ամենավտանգավոր մասնագիտությունը: Եվ, վերջիվերջո, իրենց ընտրությունն է: Իրենք պետք է ընտրեն՝ ինչ դառնան վաղը մյուս օր: Որդիներս դեռ փոքր են, 7 և 9 տարեկան: Սկզբում ասում էին, որ պետք է դառնան կասկադյոր, խոստացա օգնել նրանց: Սակայն վերջերս որոշեցին, որ պետք է դառնան դատավոր և դատապաշտպան: Էլի չհակաճառեցի. իրենց որոշումն է: Հույս ունեմ, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի:

– Հայաստանում կա՞ կասկադյորական դպրոց։

– Հայաստանում դեռ շատ բաներ չկան, կասկադյորական դպրոցն էլ դրանցից մեկն է: Մոտակա 50 տարի չեմ պատկերացնում, որ դա կլինի, քանի որ կապված է մեծ գումարների և իհարկե բացակայող կինոինդուստրիայի հետ: Իհարկե, նվիրյալներ կան, ովքեր նկարահանում են ֆիլմեր, լավ, թե վատ: Պետության մոտեցումը կինոինդուստրիայի նկատմամբ անլուրջ է: Ֆինանսներ չկան, կամ կան, բայց մենք դրանց մասին չգիտենք: Մենք մեր կազմակերպությունում անցկացնում ենք դասընթացներ՝ դասավանդելով մասնագիտական առարկաներ: Ուսման վերջում հանձնում են քննություններ: Սակայն կասկադյորական լավագույն բուհը, իմ խորին համոզմամբ, նկարահանման հրապարակն է: Ես դասավանդել եմ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, տալով իմ ուսանողներին նախնական կասկադյորական գիտելիքներ:

– Ի՞նչ է կինոն Ձեզ համար։

– Հավատացեք, ինչ էլ պատասխանեմ, պաթոսիկ կթվա, չնայած որ սրտիցս բխած կլինի: Մեկ օր հիշողություններիս գրքում կգրեմ դրա մասին:

– Ի՞նչ խորհուրդ կտա Հասյաստանում հնարքների միակ բեմադրող Արմեն Պետրոսյանը։

– Միակ խորհուրդս՝ անկախ ապրելակերպից, գրաված դիրքից, խառնվածքից, տարիքից և այլն, ազնիվ եղեք: Առաջին հերթին ազնիվ եղեք սեփական ես-ի նկատմամբ: Դա է միակ խորհուրդս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս