Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան-Արծրուն Հովհաննիսյան եռյակի «պատերազմական դավաճանների» փնտրտուքը և Դատախազության հերքումը

44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, բայց 168.am-ը հարկ է համարում հիշեցնել 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական տեսանկյունից՝ ներկայացնելով, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների որոշ հայտարարությունները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնց այսօր հատկապես արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:

2020-ի հոկտեմբերի 8-ը պետք է հիշել:

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան-Արծրուն Հովհաննիսյան եռյակի «պատերազմական դավաճանների» փնտրտուքը

Կարդացեք նաև

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը շրջանառեց «պատերազմական դավաճանների» թեման:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նման մի գրառում կատարեց:

«Սիրելի հայրենակիցներ.

Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանո՛ւն հայրենիքի»,- Ֆեյսբուքում գրել էր նա:

Ի դեպ, այս գրառումը Նիկոլ Փաշինյանը ևս խմբագրումների է ենթարկել, այս դեպքում՝ կատարել է ավելացում, թե «նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում»:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր.

«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»:

Պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանը կայացած բրիֆինգի ժամանակ ասել էր, որ նման «դավաճանական» տեղեկությունների ինքը չի տիրապետում, մյուս կողմից, ըստ էության, չէր հերքել Փաշինյանի վերը նշված պնդումը:

«Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է համապատասխան ծառայությունները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը և մյուս պատասխանատու ծառայություններն ունեն համապատասխան փաստարկներ»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Ճշտող հարցին՝ Դուք ունե՞ք նման տեղեկություններ, ամեն դեպքում, որ սահմանի տարբեր հատվածներում կան նման դեպքեր, ինչի մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել էր՝ ոչինչ չեմ բացառում, թեպետ ոչ մի կոնկրետ տեղ չէր նշել:

«Մեր զինվորների քաջության քանակի մեջ կարող են սրանք չերևալ, բայց հատուկ ծառայությունները դրա համար են, որ ամեն նուրբ իրավիճակից էլ անգամ գտնեն նման դավաճանական կամ վնասարարական գործունեություն ծավալած մարդկանց»,- շեշտել էր Հովհաննիսյանը:

Թե ի՞նչ եղավ Փաշինյանի կամ ԱԱԾ-ի նշած անձը, պարզ չէ: Բայց ՀՀ դատախազությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել»։

Ի դեպ, 168.am-ին էլ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում դասալքության դրվագներով հունիսի 1-ի դրությամբ իրենց մոտ առկա են հետևյալ տվյալները.

«Համաձայն վերջինիս՝ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային: Դատարան է ուղարկվել նշված հոդվածով 1 քրեական գործ, իսկ 11 գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է: Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»:

Ըստ էության, դասալիքների թիվն այնքան էլ մեծ չի ստացվում, որքան որ ներկայացվում էր: Չմոռանանք, որ Ալիևը հղում անելով հայկական որոշակի շրջանակներին՝ խոսում էր 10.000 «դասալիքի» մասին:

Վերադառնալով Փաշինյանի վերոհիշյալ ֆեյսբուքյան գրառմանը և Արծրուն Հովհաննիսյանի, ըստ էության, հաստատող պատասխանին, նշենք, որ դավաճանների փնտրտուքի առումով նրանցից անմասն չէր մնացել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

2020, հոկտեմբերի 8-ին օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը, ինքնագովազդի նպատակներով, պատերազմի ժամանակ զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և տալիս հարցեր, որոնց պատասխանելով՝ կարող էր ռազմական գաղտնիք բացահայտվել:

«Նիկոլ Փաշինյան.- 5-րդ պաշտպանական շրջա՞ն:

Զինվոր.- Այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Նիկոլ Փաշինյան.- Ո՞նց է մարտական վիճակը, եղբայր:

Զինվոր.- Լավ է:

Նիկոլ Փաշինյան.- Դուք որտեղի՞ց եք:

Զինվոր.- Շիրակի մարզ:

Նիկոլ Փաշինյան.- Իսկ հիմա սենյակում, որ խոսում ենք, է՞լ ով կա:

Զինվոր.- Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան.- Բայց կա՞ն էլի մարդիկ:

Զինվոր.- Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան.- Հպարտ եմ, որ մարտական, ռազմական գաղտնիքները ճիշտ պահում եք»:

Աննա Հակոբյանը նույն օրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է այս տեսանյութը և դրան կցում հետևյալ գրառումը.

«Վախկոտներն ու դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում:

Կեցցե՛ հայ ԶԻՆՎՈՐԸ։

Կեցցե՛ ԱՆՎԱԽ, ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՔԱՋ և ՀՊԱՐՏ մեր զինվորը, որին հնարավոր չէ՛ ՎԱԽԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿՈՏՐԵԼ կամ ԳՆԵԼ»:

Ի դեպ, ավելի ուշ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջից հեռացնում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այդ տեսանյութը, այսօր նրա էջում իրենց ընտանեկան թերթում իր վերը նշված գրառման արտատպությունն է միայն:

Պատերազմի ընթացքում գաղտնիության տարրեր պարունակող և ընթացքի մեջ ռազմական օպերացիաներ հրապարակայնացնող Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացնում՝ արգելել ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը

Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:

Այս համատեքստում մի ուշագրավ փաստ. 2020-ի սեպտեմբերի 27-ին Աննա Հակոբյանը իր էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի կոչ-ուղերձը՝ լրացրել էր իր կողմից սեփական հորդորով.

«Շատ կարևոր է տեղեկատվական անվտանգությունը: Հայտնի ուժերի կողմից ղեկավարվող ԶԼՄ-երին հորդորում եմ երկրի, պետության և ժողովրդի շահը բարձր դասել ցանկացած այլ բանից»:

 

2020-ի հոկտեմբերի 8-ին «Զինուժը» ռեպորտաժի տեսանյութ է տարածում Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ կամավոր պատերազմ մեկնելու մասին: Սա առանձին քննարկման թեմա է, ուստի հիմա կսահմանափակվենք այսքանով:

Փոխարենը կառանձնացնենք հոկտեմբերի 8-ին հրապարակված գերմանական «Շպիգելին» Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից մի քանի հատված:

 Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին իմացել է այն սկսվելուց հետո. Արցախից են զանգել

Գերմանական «Spiegel».Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին: (Հիշեցնենք մեր ընթերցողին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունն սկսեց Արցախի Հանրապետության դեմ.- Մ.Պ.)

Նիկոլ Փաշինյան.- Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիայի միջանցքային հավակնությունները հայտնի՞ էին Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան.- 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:

Անվտանգության գոտու տարածքները վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է

Spiegel.- Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:

Նիկոլ Փաշինյան.- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:

Spiegel.- Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:

Նիկոլ Փաշինյան.Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:

Spiegel.- Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:

Նիկոլ Փաշինյան.– Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:

Spiegel.- Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:

Նիկոլ Փաշինյան.- Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային  Ղարաբաղի կառավարությունն է:

Այս հարցազրույցից մի քանի օր հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց.

«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»:

168.am-ը մեկ անգամ դիմել էր Արցախի ղեկավարությանը՝ պարզելու՝ արդյո՞ք դիմեցին Նիկոլ Փաշինյանին, որ ճանաչի Արցախի անկախությունը, եթե այո՝ ի՞նչ պատասխան են ստացել, բայց նրանք նախընտրել են այս հարցին դեռ չանդրադառնալ:

Մյուս կողմից, ըստ էության, Արայիկ Հարությունյանը բավականին սինխրոն է գործել Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմի ժամանակ:

Իսկ մենք կշարունակենք անդրադառնալ պատերազմական մյուս ուշագրավ օրերին: 

Տեսանյութեր

Լրահոս