3 տարի առաջ իր թեզում այլ բան գրող, հիմա ուղիղ հակառակն անող «սկզբունքային» Երանուհի Թումանյանցի մասնագիտական աշխատանքի ստաժը բավարար չէ ԲԴԽ անդամ դառնալու համար
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ շուտով Արդարադատության նախարարությունից Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կգործուղվի Կարեն Անդրեասյան-Երանուհի Թումանյանց նախարար-փոխնախարար զույգը: Մասնավորապես հիշեցրել էինք օրենսդրության պահանջը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:
Երանուհի Թումանյանցի՝ Արդարադատության նախարարության կայքում հրապարակված պաշտոնական կենսագրության մեջ սակայն նշված է, որ Երանուհի Թումանյանցն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի «Մանց» կոոպերատիվ համալսարանից՝ որպես դասախոս, 2008թ. սեպտեմբերից:
Այդ համալսարանին տրված լիցենզիան, ի դեպ, կասեցված է 2017թ.-ից: Սակայն, եթե անգամ հաշվի առնենք, որ այժմ չգործող բուհ-ում դասավանդումը մասնագիտական աշխատանք է, տիկին փոխնախարարի մասնագիտական աշխատանքի ստաժը հազիվ 14 տարին է բոլորում, այնինչ պետք է լինի առնվազն 15 տարի:
Մեր ընթերցողը և հատկապես Երանուհի Թումանյանցին ընտրող Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները կարող են իրենք հաշվել իրենց խմբակցության թեկնածուի աշխատանքային ստաժի տարիները և փորձեն 2008թ. սեպտեմբերից մեկնարկած նրա աշխատանքային կենսագրությունից ստանալ առնվազն 15 տարի:
Ինչ վերաբերում է ԲԴԽ ապագա իրավաբան գիտնական անդամի սկզբունքայնությանը, ինչը շատ անհրաժեշտ որակ է ԲԴԽ անդամի համար, ապա պետք է նշել, որ Երանուհի Թումանյանցը, ցավոք, խնդիր ունի սկզբունքայնության հետ:
Իր «Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում` սահմանադրական բարեփոխումների համատեքստում» թեմայով թեկնածուական թեզի սեղմագրում արդարադատության գործող փոխնախարարը պաշտպանության ներկայացվող դրույթների հատվածում հետաքրքիր կարծիք է հայտնել:
«Նկատի ունենալով, որ դատավորի վարքագիծը և կարգապահական պատասխանատվությունը դատական իշխանության արդյունավետ գործունեության կարևորագույն հայեցակետերից են, կարծում ենք, անհրաժեշտ է օրենսդրորեն բացառել արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, քանի որ նման կարգավորման պայմաններում առկա է դատական իշխանության վրա գործադիր իշխանության ներգործելու հնարավորություն, որի արդյունքում սահմանափակվում է դատական իշխանության ինքնուրույնությունը»,- իր թեկնածուական թեզում գրել է Երանուհի Թումանյանցը:
Դժվար թե 3 տարում վերջինս հասցրած լինի մոռանալ իր գրածը, եթե, իհարկե, ինքն է գրել: Մնում է փաստել, որ 2019թ. թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո Երանուհի Թումանյանցը ռադիկալ այլ կարծիք ունի հիմա, քանի ԲԴԽ-ում ոչ հազվադեպ հենց ինքն էլ ներկայացնում էր կարգապահական վարույթների ֆանատ Կարեն Անդրեասյանին ու ջերմեռանդորեն պաշտպանում արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունները:
Պետք է նշել, որ Արդարադատության նախարարության կադրերը բավականին լավ են տեղավորվում ԲԴԽ-ում: Մասնավորապես, շուրջ երկու շաբաթ առաջ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության ժամանակ Արդարադատության նախարարի ևս մեկ ներկայացուցիչ՝ Գագիկ Հարությունյանը, նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: