Էրդողանը չի բացառել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան այցի մասին հարցին։
radar.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է, թե Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի.
«Վստահ եմ՝ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Ավելորդ ուռճացնել պետք չէ։ Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։
Էրդողանը նաև հավելել է, որ այս պահին քննարկում են Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը.
«Եթե Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ենթադրաբար՝ այնտեղ կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 5–ին The Guardian պարբերականը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական միության գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու հրավեր կստանա։
Ըստ պարբերականի՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան:
Բացի այդ, ինչպես հայտնել էր The Guardian–ը՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա նաև Ադրբեջանը:
Համաձայն The guardian պարբերականի հրապարակման՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Նշվում է, որ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը: