ՌԴ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հայկական հարցերն իրենց կարևորությամբ էապես հետ են մղվել. ռուս վերլուծաբան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսիի Փելոսիի երևանյան այցին ու Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը (ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում): Հանդիպումը, ըստ տեղեկությունների, տևել է մեկ ժամ:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։ Ամերիկյան կողմը, մասնավորապես, թե՛ պետքարտուղար Բլինքենը, թե՛ Երևանում Նենսի Փելոսին դատապարտել են ադրբեջանական հարձակումը Հայաստանի դեմ, աջակցելով ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը, զուգահեռաբար կոչ անելով հետ քաշել զորքերը:

Սրան զուգահեռ՝ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ը անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ:

Ըստ նրա, ԱՄՆ-ը հստակորեն գրավում է բանակցային գործընթացը, խաղադրույքներ կատարում տարածաշրջանի երկրների՝ նույնիսկ Հայաստանի վրա, որը ՌԴ դաշնակիցն է՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն չի կարող միջնորդական ջանքերն այնպես ծավալել, ինչպես դա արել է անցյալում:

Վերլուծաբանի խոսքով, այստեղ խոսքը հենց ՌԴ-ի և ոչ թե՝ ՀԱՊԿ-ի մասին է, քանի որ ՀԱՊԿ-ը վաղուց իրեն ցույց է տվել՝ որպես անգործունակ կառույց, հատկապես նման հակամարտությունների դեպքում:

«Ցանկացած ռազմական զարգացում ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում մեծ մարտահրավեր է ՀԱՊԿ-ի համար, քանի որ այստեղ չի հաջողվում կոնսենսուսներ ձևավորել»,- ասաց նա:

Մալաշենկոյի կարծիքով, ՀԱՊԿ առաքելության, ՀԱՊԿ պաշտոնյաների գործուղումը Երևան ամեն դեպքում որոշակի արձագանք էր, թեև բարդ է ասել, թե կոնկրետ ինչ հետևանք է այն ունենալու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը հատկապես նման դժվարին փուլում առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով:

«Ես ավելի վաղ ևս ասել եմ, որ այս ընթացքում բարդ է լինելու համարձակ գործելը: Դա հաշվարկում են Արևմուտքում, և ԱՄՆ այս արձագանքի ֆոնին ՌԴ հստակ գնահատականներից խուսափելն առանձնահատուկ ընդգծվեց: Իսկ ՌԴ-ն խուսափում է, քանի որ Ռուսաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը կարևոր են, ինչը որևէ մեկի համար նորություն ու անակնկալ չէ: Այնքան բան է որոշում այսօր Ռուսաստանի իրավիճակը, ռուս-թուրքական բանակցությունները չափազանց կարևոր են ՌԴ-ի համար, և ստացվում է այնպես, որ հայկական հարցերն իրենց կարևորությամբ հետ են մղվել»,- ասաց նա:

Անդրադառնալով Բլինքենի միջնորդությանը, նա նշեց, որ իր տպավորությամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրավիճակային հարցեր, հրադադարը պահպանելու կարևորությունը:

«Պետք է ընդունել, որ թեև վերջին օրերին ԱՄՆ-ը իր մասին հաճախ հիշեցրեց Երևանին ու Բաքվին, Վաշինգտոնը կոնկրետ բանակցություններից, օրակարգերից դուրս է և միայն սահմանին իրավիճակի կայունացման հարցով է ներքաշվել գործընթացի մեջ: Սա է պատճառը, որ հանդիպումը կարճ է տևել, քանի որ ԱՄՆ-ը չի տիրապետում բովանդակային նյութին, դրանում ներգրավված չէ: Բայց ԱՄՆ-ը ցանկանում է մնալ կողմերի միջև, անել այն, ինչ Մոսկվան չի անում՝ գլխավոր նպատակը ռեգիոնում հաստատվելն է ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի դեմ: Ներկայումս կարևոր է, որպեսզի իրավիճակը չկրկնվի, քանի որ դա մեծ վտանգներ է պարունակում։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատում է նաև ՌԴ-ն: Ռեգիոնը հայտնվել է մեծ մրցակցության թիրախում, որտեղ Արևմուտքը մեծ ակտիվությամբ, ջանքերով փորձում է դուրս բերել գործընթացը ՌԴ վերահսկողությունից։ Սա՛ է տեղի ունենում: Իսկ ՌԴ-ն սահմանափակ միջոցներ ունի այս ամենին ակտիվ արձագանքելու համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս