Գեղարքունիքի մարզպետը ՄԱԿ-ի պատվիրակությանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էր նաև Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով տարհանված բնակչության կարիքների գնահատման եւ նվազագույն կենսապայմանների ապահովման, ագրեսիայի եւ հրետակոծության հետեւանքով վնասված բնակարանների, դպրոցի եւ բուժկետի, ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, անվտանգության նկատառումներից ելնելով՝ 12 բնակավայրերում կրթության հեռավար իրականացման հետ կապված խնդիրներին։
Գեղարքունիքի մարզպետի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում վնասված բնակարանները եւ ենթակառուցվածքները վերականգնելու, տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու, 12 բնակավայրերում հեռավար ուսուցում կազմակերպելու, առաջին անհրաժեշտության եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների իրականացման համար։
Իրենց բարեկամական առաքելության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ Կարեն Սարգսյանն առաջարկեց համագործակցված աշխատանքի միջոցով կարգավորել թշնամական ագրեսիայի հետեւանքով ի հայտ եկած բոլոր խնդիրները, ապահովել տուժած բնակչության նվազագույն կարիքներն ամենատարբեր ուղղություններում։
«Բոլոր այն ծրագրերը, որոնք գործողության մեջ կդրվեն ձեր կողմից, կստանան Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի անվերապահ աջակցությունը։ Դրա համար անհրաժեշտ է մեր մշտական ու ամենօրյա համագործակցված աշխատանքը։ Մենք երախտապարտ ենք՝ նման ծանր իրավիճակում մեզ օգնության ձեռք մեկնելու եւ զորակցելու համար»,-ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին իրենց առաքելությունների բովանդակությունը եւ ուղղությունները։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին իր հերթին նշեց, որ հանդիպման ավարտից հետո իր գլխավորությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը մեկնելու է Վարդենիս համայնք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ կարիքները գնահատելու, գործողությունների պլանը մշակելու եւ իրականացնելու համար։
Խոսրով Խլղաթյան