Ամաչո՞ւմ են. Զինհաշմանդամի թոշակն ավելացրել են 1000 դրամով. դա չեն գովազդում
Բացառապես տուրիստների շնորհիվ բյուջե մուտքեր ապահոված և 13 տոկոս տնտեսական աճ արձանագրած Կառավարության տարբեր ներկայացուցիչներ, արդեն մեկ ամիս է՝ ուղիղ եթերով հեռարձակվող Կառավարության նիստերն օգտագործում են սեփական թիմի «աննախադեպ» արդյունավետությամբ աշխատելու մասին խոսելու, իրենք իրենց գովելու և 3000 դրամով կենսաթոշակները բարձրացնելու մասին հայտարարություններ անելու համար։
Միլիոնավոր դրամների աշխատավարձ, պարգևավճար ստացող Կառավարության անդամները 3000 դրամ թոշակի բարձրացման մասին խոսում են իրար հերթ չտալով՝ Կառավարության նիստերի մի զգալի ժամանակահատված նվիրելով այդ թեմային։
Այդ «աննախադեպ» քայլի մասին խոսողները ստեղծում են ֆոն, թե 3000 դրամ թոշակի բարձրացմամբ մեղմում են ընդհանուր 9.5 տոկոս, իսկ որոշ ապրանքների գծով՝ 30 և ավելի տոկոս գնաճը։
Ուշագրավ է, սակայն, որ թոշակը 3000 դրամով բարձրացնելը որպես մեծ առաջընթաց ներկայացնող Կառավարության անդամները ամոթից, թե այլ պատճառներից ելնելով, չեն խոսում, որ ծիծաղելի չափով՝ ընդամենը 1000 դրամով են բարձրացրել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46000 դրամ (45000 դրամի փոխարեն),
2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ (35000 դրամի փոխարեն),
3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը սահմանել են 33000 դրամ (32000 դրամի փոխարեն)։
Թե գնաճի նման պայմանններում զինհաշմանդամն ի՞նչ է անելու ավելացված 1000 դրամով և առհասարակ, ի՞նչ խնդիր է լուծում Կառավարությունը 1000 դրամով թոշակ բարձրացնելով, առանց զեկուցելու ընդունված որոշման մեջ նշված չէ։
Ուշագրավ է, որ թեև Կառավարությունն արձանագրել է 13 տոկոս տնտեսական աճ, Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ անգամ 1000 դրամով զինհաշմանդամի թոշակի բարձրացումը հավելյալ բեռ է լինելու բյուջեի վրա, ուստի առաջարկել են ծախսերի հատկացումն իրականացնել 2022 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցների հաշվին: