Պուտինը եւ Սի Ծինպինը կարող են երկկողմ հանդիպումներ անցկացնել G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կարող են այս տարի երկկողմ հանդիպումներ անցկացնել Քսանի խմբի (G20) եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովներում: Սեպտեմբերի 7-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՉԺՀ-ում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը:
«Այնուհետեւ առաջիկայում կկայանան Ինդոնեզիայում 20-ի խմբի եւ Թաիլանդում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովները: Թե՛ այնտեղ եւ թե՛ այնտեղ մեր նախագահը հրավիրված է: Թե՛ այնտեղ եւ թե՛ այնտեղ այդ հրավերները ռուսաստանյան կողմն ընդունել է, իսկ ուղեւորության հարցը կորոշենք ժամկետին մոտ օրերին այդ թվում նաեւ կորոնավիրուսի հաշվառմամբ»,- նշել է նա:
«Մեր չինացի գործընկերները նույնպես, ելնելով տարբեր հանգամանքներից, որոշումներ են ընդունում իրենց ղեկավարի մասնակցության վերաբերյալ, բայց, համենայն դեպս, եթե դա պատահի, եւ նրանք երկուսը լինեն միասին, այնտեղ հաստատ շփումներ նույնպես կլինեն, դրանում կասկածելու հակ չկա»,- հավելել է Դենիսովը: «Ես չեմ հիշում այս ամբողջ ժամանակ ոչ մի միջազգային հանդիպում, եթե նրանք այնտեղ եղել են միասին, մեր (Ռուսաստանի եւ Չինաստանի – ծանթ. խմբ.) ղեկավարները չեն հանդիպել: Նրանք խոսելու շատ բան ունեն թե՛ երկկողմ գործերի, թե՛ միջազգային խնդիրների շուրջ, եւ նրանք այդ հնարավորությունը երբեք բաց չեն թողել»,- նշել է դիվանագետը: G20-ի գագաթնաժողովը պետք է կայանա նոյեմբերի 15 – 16-ն Ինդոնեզիայի Բալի կղզում, իսկ ԱԽՏՀ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18 – 19-ը Թաիլանդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: