1մլն եվրո Բնապահպանության նախարարությանը՝ աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման համար
Եվրամիությունը 1 մլն եվրո է հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման համար: Ծրագրի մեկնարկային սեմինարի բացման արարողությանը ներկա ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ծրագիրը բավական լուրջ է և կարևոր.
«Նպատակը մեկն է, որպեսզի տնտեսվարողը նախարարության հետ շփվի, կամ բնապահպանական բնագավառին վերաբերող թույլտվությունները դառնան մեկ պատուհանի սկզբունքով, և մենք կարողանանք տնտեսվարողի բեռը թեթևացնել, շատ շփումներ չապահովելով՝ նաև կարողանանք հենց լուծել բնապահպանական խնդիրները և՛ տեղեկատվության առումով, և՛ վերահսկողության առումով, և՛ թույլտվության առումով: Մեր բնագավառում տարբեր տիպի թույլտվություններ կան՝ սկսած բնապահպանական փորձաքննությունից, ջրօգտագործման, թափոնների, արտանետումների, և այստեղ մենք փորձ են անելու, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, կարողանալ ամբողջը՝ սկսած օրենսդրական դաշտից, ավարտած մինչև կոնկրետ գործողությունները, բերել մեկ միասնական սկզբունքի, մեկ միասնական համակարգի»: Բնապահպանության նախարարի խոսքով՝ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վեր կհանի, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի պայմանական արտանետումների և թափոնների թույլտվությունները լինեն միասնական:
«Բնապահպանական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և մեզ համար չափազանց կարևոր է այն փորձը, այն գիտելիքները, որոնք կան Եվրոպական միությունում, մենք նպատակադրված ենք, որ այդ բոլոր հնարավորությունները մենք կարողանանք հնարավորին չափ օգտագործել նաև Հայաստանում»,- ասաց սեմինարին ներկա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա՝ այս քայլը համահունչ է երկրի՝ եվրոպական ինտեգրման գործընթացների հետ. «Հայաստանը կարևորում է իր համագործակցության և ինտեգրման այս ուղղությունն՝ այլ ուղղությունների հետ զուգահեռ»:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության ներկայացուցիչ Յուրգեն Քեյնհորսթը նշեց, որ ծրագիրը կխթանի ՀՀ տնտեսության զարգացմանը. «Այս ծրագիրը շատ կարևոր է այն իմաստով, որ Հայաստանում այն կխթանի տնտեսության զարգացմանը՝ ներդնելով նոր համալիր թույլտվությունների համակարգը: Այն հեռանկարներ կբացի Հայաստանում՝ նոր ներդրումներ կատարելու համար տարբեր ոլորտներում»:
«Գերմանիան այս վիճակին հասել է 40 տարիների ընթացքում, և մենք չենք ակնկալում, որ այս շատ կարճ ժամանակում Հայաստանը կհասնի միջազգային նոր ստանդարտների ներդրմանը և կիրառմանը: Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ»,- ասաց Յուրգեն Քեյնհորսթը:
Նշենք, որ ծրագրի տևողությունը 2 տարի է, մասնակից երկրներն են Հայաստանը, Գերմանիան և Իսպանիան: