Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս
Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս: Այսպիսով, մեր հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում էր ստացվել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:
Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով:
Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով շարունակել տեսալսողական ծրագրերի հեռարձակումը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը:
Հանձնաժողովի որոշմանը և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում: