Մեղրաձորցիները ոչ են ասում հանքի երկրաբանական ուսումնասիրություններին. Օլեգ Դուրգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր,
Մեղրաձորցիները ոչ են ասում հանքի երկրաբանական ուսումնասիրություններին և պահանջում են Ծաղկաձորի ՏԻՄ-ից բացասական եզրակացություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն,
«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի Մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ»։
Ավելի վաղ «Էկոլուր»-ը գրել էր. «Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար:
Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում:
Երկրաբանական ուսումնասիրման համար ընկերության կողմից հայցվող 91.74 հեկտար մակերեսով տարածքը գտնվում է Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր բնակավայրում: Հայցվող տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին բնորոշ է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ մոտակա սողանքային մարմինը գտնվում է 2.6կմ հեռավորության վրա:
Հայցվող տարածքից մոտ 5կմ հեռավորության վրա են գտնվում Փյունիկ և Արտավազ գյուղերը, Կորչլու գյուղը` 6.5կմ վրա, Մարմարիկ գյուղը` 10կմ, Աղավնաձորը` 11կմ, Հանքավանը` 11.5կմ, իսկ զբոսաշրջային Ծաղկաձոր խոշորացված համայնքի կենտրոնը՝ 16.0կմ հեռավորության վրա:
Թվով 33 բնության հուշարձաններ գտնվում են հայցվող տարածքից մոտ 2կմ հեռավորության վրա»։