Դիակապտողների իշխանությունը
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված գործով վճիռը:
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց բացահայտումն արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:
Նախորդ նիստը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին:
Այս գործի ճակատագիրը թերևս պարզ է. որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվի:
Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները. սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել իրավաբանների համար հասկանալի է, թե դա ինչ է:
Այս մասին հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին ասել էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Եթե խոսում ենք հանցակազմի մասին, եթե հանցակազմի օբյեկտիվ կողմը չենք ապահովում, օբյեկտիվ կողմի պայման հետևանքը որևէ էական նշանակություն չունի: Պարզ կենցաղային օրինակ բերեմ, եթե քրեական պատասխանատվության տարիքի չհասած, ասենք, 9 տարեկան երեխան, ինչ-որ մեկին կյանքից ապօրինաբար դիտավորությամբ զրկում է, պե՞տք է բոլոր հանգամանքները վեր հանենք, թե՞ առաջին պայմանը վեր հանենք, այդ անձը սուբյեկտ է, թե ոչ: Որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնեական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները: Այդ լիազորությունները չկան, և մենք միջնորդություն ենք ներկայացրել այդ կարգը սահմանելու համար»,- ասել էր նա:
Եթե ավելի մատչելի խոսքի փոխադրենք, դատախազն ասում է՝ ոչ մեր Քրեական օրենսգիրքը, ոչ էլ որևէ այլ նորմատիվ-իրավական ակտ այս արարքի համար պատասխանատվություն չի նախատեսում, քանի որ որևէ տեղում այս հանցակազմն ամրագրված չէ:
Իհարկե, ամրագրված չէ, և դա ունի իր օբյեկտիվ պատճառաբանությունը: Իսկ մինչև 2018 և հատկապես 2020թ. ո՞ւմ մտքով կարող էր առհասարակ անցնել, որ Հայաստանում, ուր մշտապես ընդունված է եղել հայ զինվորին ու բանակը պաշտամունքի առարկա դարձնել, կարող էր ստեղծվել մի իրավիճակ, երբ հայրենիքի համար նահատակված զինվորների մասունքները կամ մարմինները, պարկերի մեջ լցված, պարզապես նետված կլինեն դիահերձարանի հատակին:
Ո՞ւմ վառ երևակայությունը կարող էր նման սցենար կանխատեսել, որ Հայաստանում հնարավոր է զինվորի դի անարգել:
Բայց փաստորեն հնարավոր է և ավելին, հնարավոր է դա անպատիժ անել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր վրա թափված լուտանքներից հետո մի հերթապահ ներողություն խնդրեց, մի քավության նոխազի էլ աշխատանքից ազատեցին ու հարցը համարեցին փակված:
Զինվորների ծնողները փորձեցին հետևողական լինել: Փաստաբան Գարիկ Գալիկյանի բողոքի հիման վրա վարույթ հարուցվեց: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձևով պահելու համար։
Բայց, ըստ ամենայնի, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի. չկա համապատասխան իրավական հիմք՝ օրենքի կամ որևէ այլ նորմատիվ-իրավական ակտի ձևով:
Երբ նոր Քրեական օրենսգրքում նախկին օրենսգրքի 163-րդ հոդվածն ապաքրեականացվեց, որով մեղադրվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, չգիտես ինչ հրաշքով միջազգային բազմաթիվ փորձաքննություններ անցած նոր օրենսգրքի՝ մինչև վերջնական ընդունում ու ուժի մեջ մտնելը, 236-րդ հոդվածը լրացվեց, որ Ավետիք Չալաբյանը շարունակի մեղադրյալ լինել:
Բայց այս գործով, փաստորեն, մեկ տարվա ընթացքում հնարավոր չեղավ իրավական-օրենսդրական հիմքեր ստեղծել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: