3 միլիարդ դրամ՝ պարեկների համար 175 նոր մեքենա գնելու համար. գնումը մեկ անձից՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

Զեկուցողը ոստիկանապետ Վահե Ղազարյանն էր․

«Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարվել է ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերման գնման մրցութային ընթացակարգ։ Բացումը տեղի է ունեցել 08.06.2022 թվականին, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը հայտարարվել է չկայացած: Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներից կատարված հարցումներով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով, թվով՝ 175 միավոր և նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ նախատեսվող գումարն ամբողջությամբ (100% -ով) կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում։

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական փոխանցման տուփով, 15.900.000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) դրամով և 130 միավոր ավտոմատ փոխանցման տուփով ավտոտրանսպորտային միջոց, 18․400․000 (տասնութ միլիոն չորս հարյուր հազար) դրամ գնման գներով»։

Կարդացեք նաև

Ոստիկանապետի խոսքով՝ որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց, նշված գնման գների հաշվարկով հատկացնելով 3․107.500.000 (երեք միլիարդ հարյուր յոթ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ, ներառյալ՝ հարկերն ու այլ պարտադիր վճարները։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով պարեկային ծառայության համակարգի ներդրմանը, ասաց, որ հաճախ քննադատություններ են լինում.

«Որոշակի հրապարակումներ եղան, թե այդ մեքենաների մեջ բարձրախոս կա, բարձրախոս չէ, դինամիկ ո՞նց ա հայերեն, բարձրախոս կա, թե ինչի՞ ենք փող ծախսել 6 դինամիկով մեքենա գնել, ինչների՞ն է պետք, որ ոստիկանական մեքենայում 6 դինամիկ լինի, կարող էր 2-ը լիներ, 4-ը լիներ, 1-ը, կարող էլ լինել, թե չլինել, և այլն։

Ես հարկ եմ համարել, որպեսզի ոստիկանության բարեփոխումների խորհրդում բոլո՜ր էս հարցերին, ասենք՝ դինամիկների հարցին մենք երևի մի 45 րոպե տրամադրել ենք, թե ինչի ենք մենք 6 դինամիկով մեքենա գնել։ Ընդ որում, ինձ համար էլ էր կարևոր, կարծում եմ՝ բոլորիս համար էր կարևոր, որովհետև դրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան։ Ես հիմա բոլոր մանրամասները չեմ կիսի ձեզ հետ, չնայած հետաքրքիր են մանրամասները, որովհետև ընթացակարգեր կան, որոնք առաջին հայացքից չեն երևում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս