Ինչո՞ւ չեն գնվել Ալեն Սիմոնյանին սպասարկող 4 նոր Toyota մեքենաները
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող 4 ծառայողական Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնացները չեն գնվել. այդ նպատակով հատկացված 54 միլիոն դրամը հետ է ուղարկվել պահուստային ֆոնդ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց, և Ալեն Սիմոնյանի համար գնվեց նոր ծառայողական ավտոմեքենա՝ BMW 750Li xDrive LCI դասի։
Ավտոմեքենան ձեռք բերվեց մեկ անձից գնման ընթացակարգով 90 միլիոն դրամով։
Այնուհետև արդեն այս տարվա ապրիլին Կառավարությունն ընդունեց մեկ այլ որոշում, որով նախատեսված էր, որ Ալեն Սիմոնյանին սպասարկող 90 միլիոն դրամանոց նոր մեքենան պետք է ունենա նաև իրեն սպասարկող նոր մեքենաներ, և այդ նպատակով հատկացվեց 54 միլիոն դրամ։
Հիմա պարզվում է՝ ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները, ուստի ՀՀ Ազգային ժողովը որոշել է նոր մեքենաների գնում չիրականացնել և Ազգային ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Ուշագրավ է, որ գումարն ուղղվել է ոչ թե պետբյուջե, այլ պահուստային ֆոնդ, որից գումարը սեփական նպատակահարմարությամբ ծախսելը շատ ավելի հեշտ է, քան պետական բյուջեից։
Հիշեցնենք, որ այս նույն՝ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ընկերությունից ոստիկանությունն այս տարվա հուլիսին իրականացրեց մեկ անձից գնման ընթացակարգով 170 մեքենայի գնում, և հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն արտաքին գործոններով պայմանավորված խնդիրներ չեն առաջանալու նաև այս 170 մեքենայի ներկրման դեպքում, եթե 4-ի դեպքում փաստում են, որ առաջացել են։