Բաժիններ՝

Հատիսը պե՛տք է մնա լեռ. ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի. հայտարարություն

Հատիս լեռան վրա այսօր բողոքի ակցիա անցկացրած քաղաքացիները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել ենք Հատիս լեռան գագաթ՝ մեր բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։

– Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի  N 967-Ն որոշման։

– Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից է սկսվել շատ լեռնագնացների և արշավական խմբերի փորձառությունը։ Այս լեռը նաև ամենահաճախ այցելվողն է պարապլաներային սպորտի սիրահարների համար։ Լեռը շատ պահանջված է նաև զբոսաշրջիկների մոտ։ Կարևոր է, որպեսզի նման լեռները մնան լեռներ, չդառնան պատվանդան, իսկ վերելքն չիրականացվի մեքենաներով։ Բացի այս, նման չափի որևէ արձան ոչ միայն անդառնալի վնաս է հասցնելու Հատիսին, այլ նաև աղճատելու Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի լեռնային տեսարանները, որոնց օրինակներով այդքան հպարտանում ենք համացանցում։ Լեռան գագաթին կառուցապատումը հստակորեն դատապարտել են Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան:

– Հատիսի գագաթին վերջին տարիներին հայտաբերվել է նաև բրոնզ-երկաթեդարյան ամրոց և օժանդակ շինություններ։ Հնագետները դեռ չեն հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել, իսկ պատկան մարմինները՝ գրանցել հուշարձանների ցանկում, բայց այն մասնակիորեն արդեն իսկ ավերված է։ Շինարարությունը ժամանակին կանգնացնելու դեպքում, հնագետներին հնարավորություն կտրվի շարունակել այս արժեքավոր հուշարձաների պեղումները։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հստակորեն դատապարտել է կառուցապատումն ու հղում է արել նաև օրենքներին՝ bit.ly/3yGMSX6

– Հիսուս Քրիստոնի արձանի կառուցումը անընդունելի է համարում անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոսի արձանը «հակասում է Եկեղեցու ավանդույթին, ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին, Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»՝ bit.ly/3uU8UVc

– Կառուցապատումը պահանջել է դադարեցնել նաև ԿԳՄՍ նախարարություն՝ հղում անելով շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձանների պահպանմանն ու նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3PsDxsA

– Կառուցապատման դադարեցումը պահանջել ու դրա դադարեցման մասին է հայտնել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նույնպես հղում անելով ՀՀ բնության հուշարձանների ցանկին և նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3aKXsEn

Այսպիսով, բնության հուշարձանների ցանկում ընդգրկված լեռան վրա իրականացվում է անօրինական կառուցապատում։ Ավելին, նախագիծը, որին դեմ են հանդես եկել 2 նախարարություն, լեռան հետ անմիջականորեն առնչվող մի քանի մասնագիտական համայնք, բանավոր հավանության է արժանացել մեկ այլ նախարարության և ՀՀ վարչապետի կողմից։ Այս համայնքների և պարզվում է՝ նաև նախարարությունների կարծիքը հաշվի չի առնվել, հանրային լսումներ չեն անցկացվել, հաշվի չի առնվել նաև շրջակա բնակավայրերի բնակիչների կարծիքը։

Տեղեկացնում ենք, որ շինարարությունը մեծ թափով ընթանում է նաև այս պահին, երբեք չի դադարեցրել՝ չնայած Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը։

Այս գործընթացի մեջ տեսնում ենք հանրային շահի և օրենքների կոպտագույն խախտումներ, որոնք իրավապահների կողմից քննվելու փոխարեն՝ հավանության են արժանանում ամենաբարձր մակարդակով։ Այս ամբողջ նախագիծը համարում ենք մեկ մարդու քմահաճույք և դատապարտում նման քմահաճույքներին տուրք տալը։

Պահանջում ենք անմիջապես դադարեցնել շինարարությունը, վերանայել հողերի հապճեպ և կասկածելի գնով օտարումը և պետությանը հասցված վնասի ուսումնասիրություն իրականացնել։ Հետագա նման նախագծերը օրենքին համապատասխեցնելուց բացի պետք է անցնեն շահակիր համայնքների հետ հանրային լսումների միջով։ Ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի։

Հատիսը պե՛տք է մնա լեռ

Գագաթը՝ գագա՛թ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս