«Այս ակտը դեռ շատ ճանապարհ պետք է անցնի, մինչև միս ու արյուն ստանա այն ձևով, ինչ ձևով ձեռնտու է մեզ». Սուրեն Սարգսյան
Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնել էր, որ հուլիսի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
121-րդ լրացումը, մասնավորապես, Պետդեպարտամենտից և Պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի, թե արդյո՞ք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքավորումներ: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:
Լրացման հեղինակները կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանն են։
168.am–ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել զեկույցից, նկատեց՝ այդ զեկույցը դեռ անցել է մեկ պալատում՝ առաջին ընթերցմամբ, այսինքն՝ այն դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի։
«Այստեղ որևէ մեկն անելիք չունի, անելիքն ամբողջությամբ մեր լոբբիստներինն է։ Եթե որևէ բան պետք է ակնկալենք, պետք է ակնկալենք նրանց աշխատանքից։ Մինչև օրենք դառնալը, զեկույցն աշնանը կքննարկվի Սենատում։ Շատ բան կարող ՝է փոխվել, սովորաբար պրակտիկայում տեսել ենք, որ շատ բաներ են փոխվում, մինչև նման ակտերն իրականություն են դառնում։ Այնպես որ, այս ակտը դեռ շատ ճանապարհ պետք է անցնի, մինչև միս ու արյուն ստանա այն ձևով, ինչ ձևով ձեռնտու է մեզ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված ևս երեք հայամետ լրացում:
Մասնավորապես, ընդունվել է 611-րդ լրացումը, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Լրացման հեղինակն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է:
Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Քրիս Պապասի ու Գուս Բիլիրակիսի լրացումը, որով կոչ է արվում սահմանափակել ամերիկյան ռազմական F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: