ՔՊ-ն չի դիմի ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով. Ռուբեն Ռուբինյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի» ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Իսկ թե ինչու չեն դիմելու ՍԴ՝ Ռուբինյանը նշեց, որ մի քանի պատճառներ կան։
«Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատանքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը առաջին հերթին հենց ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- նշեց Ռուբինյանը։