Նիկոլ Փաշինյան․ լեգիտիմ թալանչին

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է ավտորիտարիզմի ճանապարհը։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում նրա գրեթե բոլոր քայլերն ուղղված են սեփական անձնիշխանության ամրապնդմանը և կապիտալի վերաբաշխմանն այնպես, որ ինքը դառնա դրա թիվ մեկ շահառուն։ Ճակատագրի հեգնանքով, իսկ իրականում՝ քաղաքական օրինաչափությամբ դա անում է մեկը, ով իշխանության է եկել «դիկտատուրայի դեմ պայքարի» ու «թալանը վերացնելու» խոստումներով։

Նիկոլ Փաշինյանն այդ առումով միակը չէ․ աշխարհի բազմաթիվ երկրներում ժողովրդական ընդվզման, հեղափոխական կամ պսևդոհեղափոխական ալիքների արդյունքում իշխանության են եկել գործիչներ, որպես կանոն՝ պոպուլիստ, որոնք իշխանության գալուց առաջ խոստացել են վերացնել արատները, բայց կարճ ժամանակ անց իրենք են դարձել այդ նույն արատների կրողներն ու շահառուները։ Ակադեմիական շրջանակներում այս երևույթը բնորոշվում է՝ որպես կորզող մեկ համակարգը մեկ այլ կորզող համակարգով փոխարինելու երևույթ։

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» պոպուլիստական կարգախոսով տարիներ շարունակ կոկորդ պատռող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր որոշում կայացրեց ճանապարհային խախտումները տեսանկարահանող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը գործնականում պետականացնելու մասին։ Դա, իհարկե, տեղի է ունենալու զանազան խրթին իրավական ձևակերպումներով, սակայն երևույթի իմաստը դրանից չի փոխվում․ տեղի է ունենում մասնավոր բիզնեսի պետականացում: Այլ խոսքերով՝ պետությունը, իմա՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, խլում է մասնավոր բիզնեսը։ Այսինքն՝ նա առաջնորդվում է ոչ թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», այլ «քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է, պարզապես տուգանքի գումարը ես պետք է ստանամ» սկզբունքով։ Մեծ է հավանականությունը, որ «հպարտ քաղաքացիներին» այս որոշումը դուր կգա, քանի որ նրանք տարիներ շարունակ լսել են «կամերաների թալանի» մասին։

Քաղաքացիները, իհարկե, շարունակելու են թալանվել, բայց այն տարբերությամբ, որ թալանի գումարները գնալու են ոչ թե «Սաշիկի», այլ «Նիկոլի ընկերությանը», որը հանդես է գալիս «պետություն» բարձրագոչ անվանումով։

Սա մասնավոր բիզնեսի պետականացման կամ խլման միակ օրինակը չէ։ Այս տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «պետականացրեց» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ հայտարարելով, թե այլևս դրա սեփականատերը «ժողովուրդն է»։

Նրա տրամաբանությամբ, քանի որ ինքը «ժողովրդի վարչապետն է», հետևաբար՝ ինքը ժողովուրդն է, այսինքն՝ իր սեփականությունը ժողովրդի սեփականությունն է հայտարարություններում, բայց ժողովրդի սեփականությունը իր սեփականությունն է գործնականում։

Իրականում, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, լրջագույն հարված է ազատական տնտեսությանը, ազատ շուկայական հարաբերություններին։ Փաշինյանը կառավարության որոշումներով բռնաբարում է ազատականության հիմքը՝ մասնավոր սեփականության ինստիտուտը, ինչը լրջագույն ու անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի՝ առանց այն էլ չեղած ներդրումային գրավչությանը։

Բայց բիզնեսների պետականորեն խլման այս դեպքերը միայն կապիտալի վերաբաշխման ու Նիկոլ Փաշինյանի հարստացման խնդիրները չեն լուծում։ Իրականում այս գործընթացն օրգանական կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի կողմից ներքին քաղաքականության ոլորտում կատարվող քայլերի հետ, որոնք միտված են նրա քաղաքական իշխանության, անձնիշխանության ամրապնդմանը։ Նա հետևողականորեն վերացրել ու շարունակում է վերացնել ժողովրդավարության հիմնասյուները համարվող հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը, հաստատել է գործնականում մեկ անձի իշխանություն։ Նրա ներքաղաքական սանձարձակությունը հասել է այնտեղ, որ ցանկանում է մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին։ Կապիտալի վերաբաշխումն ահա այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Նիկոլ Փաշինյանն առաջնոդվում է այն տրամաբանությամբ, որ եթե երկրում կա իշխանության մեկ սուբյեկտ՝ ինքը, ապա պետք է լինի նաև կապիտալի մեկ կրող՝ կրկին ինքը։

Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում կատարվող այս գործընթացները, իհարկե, փաթեթավորվում են ամենատարբեր «ժողովրդավարական ընթացակարգերով», բայց դրանից տեղի ունեցողի հակաժողովրդավարական բովանդակությունը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն առայժմ անարգել իրականացնում է «լեգիտիմ թալանչի» օպերացիան։

Այս գործընթացը տեղի է ունենում «առաջադեմ աշխարհի», հավաքական Արևմուտքի լռության, իսկ ավելի հաճախ՝ աջակցության պայմաններում։ Որևէ այլ երկրում, որտեղ արևմտյան կառույցները չունենային աշխարհաքաղաքական շահեր, ժողովրդավարության դեմ կատարվող նման քայլերը կարժանանային ամենասուր քննադատության, գուցե անգամ՝ պատժամիջոցների։ Բայց Հայաստանում դրանք արժանանում են արևմտյան դեսպանների խոնարհվող ողջույններին ու ծափահարություններին, ինչը նշանակում է, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի ավտորիտարացման համար ստանում է իր վճարը, բնականաբար, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի և քաղաքացիների հաշվին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրան այս գործընթացը միանգամայն ձեռնտու է, քանի որ եվրասիական ավտորիտարիզմի տարածքում կայանում է ևս մեկ դիկտատոր, որը, սակայն, իշխանության է եկել «հեղափոխության միջոցով»։ Սա հրաշալի օրինակ է այլ հետխորհրդային երկրներին ցույց տալու համար, թե ինչի են հանգեցնում գունավոր հեղափոխությունները։ Բացի այդ, ավտորիտարացման այս տեմպերով Նիկոլ Փաշինյանը ստեղծում է բոլոր հիմքերը՝ ցանկացած պահի Միութենական պետության մաս կազմելու համար։

Այս գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև «հպարտ քաղաքացիները» կգիտակցեն, որ թալանը շարունակվում է, բայց հիմա թալանողը Նիկոլ Փաշինյանն է։ Թեև բացառված չէ նաև, որ դա գիտակցելուց հետո էլ նրանք շարունակեն երկրպագել Նիկոլ Փաշինյանին՝ արդեն ստոկհոլմյան սինդրոմի շրջանակներում։ Մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հիմա վերաբերվում Ալիևին ու Էրդողանին։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս