Բաժիններ՝

Թոքային, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների, քաղցկեղով հիվանդների թիվը մեծանում է՝ ազգով նստել մտածում ենք՝ Հիսուսի արձանը տեղադրե՞լ, թե՞ չէ. բնապահպանն ու բժիշկն ահազանգում են

ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է։ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն տարածեց հունիսի 29-ին: Պարզվել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր:

«Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են՝ փոշու, 13%-ում՝ ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում՝ ազոտի երկօքսիդի, 1%-ում՝ գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ»,- նշված է հաղորդագրությունում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ տեղեկացնում են, որ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։ Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ խնդիրը գալիս է 1990-ական թվականներից, երբ սկսել են կառուցապատումը, հին ավտոմեքենաների ներմուծումը, շրջակայքում քարի, ավազի հանքերի բացումով:

«Երևանը կիսաանապատային, կիսատափաստանային գոտում է, արհեստականորեն և գիտականորեն հիմնավորված կանաչ գոտիներ են ստեղծվել: Սակայն 1990-ականներին կանաչ գոտիները վերացրեցին, և ամբողջ աշխատանքները հօդս ցնդեցին: Սկսեցին կառուցապատել, ներմուծել հին մեքենաներ: Բնապահպանները ժամանակին ահազանգում էին, որ կլիմայական փոփոխությունների հանդեպ պետք է շատ զգույշ լինել: Դա վերաբերում է ոչ միայն ՀՀ բնական տարածքներին, ինչպիսին Սևանա լիճն է, որը դարձավ զոհը և՛ մարդու, և՛ կլիմայական փոփոխությունների: Նման իրավիճակ ունենք Երևանում: Մոնումենտի ճանապարհին, ոլորաններում ժամանակին մեծ քանակությամբ ծառեր են եղել, որոնք պաշտպանում էին քաղաքի կենտրոնը և՛ փոշուց, և՛ տարբեր տեսակի աղտոտումներից: Հիմա դա չկա, ավելին, արհեստականորեն վերացվեցին կանաչ գոտիները. մի տեղ տեսնում ենք ավազի հանք, մեկ այլ տեղ՝ հսկա շինարարություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ ԽՍՀՄ տարիներին որպես կանաչ գոտի նախատեսված տարածքները պետք է վերականգնվեն:

«Սակայն վերականգնվելու փոխարեն՝ ունենք մի իրավիճակ, երբ ոչնչացրել ենք Դալմայի, Նորքի այգիները: Հիմա ինչի՞ մասին ենք խոսում: Օր օրի ունենում ենք, այսպես ասած՝ էլիտար թաղամասեր, որտեղ պետք է լինեն այգիներ, շատրվաններ, լողավազաններ, բայց մոռացել ենք, որ այս քաղաքում բնական միջավայր պետք է ունենանք: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գործողություններ է արել, թող ասեն՝ տեսնեք, թե որոնք են դրանք: Իսկ մեքենաների մասին ամենավերջում պետք է խոսեն: Քաղաքում պետք է լինի բնական միջավայր, որը, ցավոք, ամբողջությամբ ոչնչացվել է: Գնացեք, տեսեք, թե հանքավայրերը, պոչամբարներն ինչ վիճակում են: Այս ամենի հետ ազգովի նստել մտածում ենք՝ Հիսուսի արձանը տեղադրե՞լ, թե՞ չէ: Խոսքս տեղի մասին չէ, այլ արձանի գաղափարի: Երբ ապրում ենք մի քաղաքում, որտեղի քաղցկեղով հիվանդների թիվը մեծանում է, կան թոքերի, սիրտ-անոթային խնդիրներ»,- նշեց բնապահպանը:

Բժիշկ, սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանն էլ հորդորում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այս խիստ կարևոր և անհետաձգելի խնդիրը համապարփակ լուծելու համար: Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով.

«Երևանում փոշու սաստիկ բարձր պարունակությունը մթնոլորտում առողջությանը հասցնում է չափազանց մեծ վնաս, և տարեցտարի այն ավելի մեծ չափերի է հասնում:

Էկոլոգիական այդ աղտոտումը գրեթե բոլոր օրգան-համակարգերին հասցնում է ահռելի մեծ վնաս՝ առաջ բերելով երբեմն առողջության անդարձելի խանգարումներ: Պատճառ է հանդիսանում բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առաջացման, ինչպես նաև դրանց սրացումների հաճախացման: Մթնոլորտային փոշու բարձր խտությունը թոքային, մաշկային, ալերգիկ, սիրտ-անոթային, վերարտադրողական, համակարգային, աղեստամոքսային և այլ բազմաթիվ հիվանդությունների պատճառական կամ նպաստող, ռիսկի գործոն է հանդիսանում, ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս