Ոստիկանությունը վախենո՞ւմ է Դանիել Իոաննիսյանից, թե՞ կա այլ մոտիվացիա կամ միգուցե քաղաքական հրահանգ
Այս տարվա հունիսի 29-ին 168.am-ը Հանրապետությունում ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի ահագնացող տեմպերով աճի ֆոնին «Ինքնասպանությունները՝ որպես սպառնալիք. ինչո՞ւ են իրավապահ մարմինները թաքցնում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թվերը» վերտառությամբ հրապարակում ներկայացրեց:
Ի զարմանս մեզ, սակայն, երկու կառույցներն էլ հրաժարվեցին մեզ տվյալներ տրամադրել ինքնասպանությունների ու դրանց փորձերի վերաբերյալ:
Պաշտոնական հարցումներով փորձել էինք հասկանալ Հայաստանում վերջին ամիսներին արձանագրվող ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի միտումները, պատճառները, համեմատություն անցկացնել նախորդ տարիների վիճակագրության հետ: Դրա համար անհրաժեշտ գրավոր հարցումներ էինք ուղարկել ՀՀ ոստիկանություն և Քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել 2022թ. հունվարից հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ ոստիկանության կողմից արձանագրված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վիճակագրությունը՝ ըստ ամիսների, առանձին-առանձին:
Ոստիկանությունից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չեն կարող տրամադրել, քանի որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնն ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի հաշվառում չի իրականացնում։
«Համաձայն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի 22.06.2009թ. թիվ 14-Ց ցուցումի ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը ամփոփում է ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից ստացված «ՀՀ տարածքում արձանագրված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերի մասին» կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունը և տրամադրում է ՀՀ վիճակագրական կոմիտե, որը հրապարակում է իր պաշտոնական կայքում (armstat.am)»,- նշված էր ոստիկանության կողմից տրամադրված պատասխանի մեջ:
Քննչական կոմիտեից ևս ստացել էինք համանման պատասխան:
«Ձեր՝ վերը նշված գրությամբ առաջ քաշված հարցերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում վիճակագրություն չի վարվում»:
Այս պատասխանն առավել քան տարօրինակ էր, որովհետև միայն ՔԿ-ում հարուցվող քրեական գործից հետո ոստիկանությունը կարող է տվյալ ստանալ, հետևաբար՝ նրանք չեն կարող չունենալ այդ վիճակագրությունը:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, տարբեր առիթներով տարբեր տվյալների վերաբերյալ վիճակագրություն տրամադրել են ու շատ ավելի լայն բացվածքով: Տարօրինակ էր, որ այս անգամ հրաժարվեցին տվյալ տրամադրել:
Անցավ շուրջ 15 օր: Նույն հարցումը ոստիկանությունից պահանջեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանի հիմնադրած ու նրա հետ ասոցացվող fip.am կայքը, և ով զարմանք, ինչ-որ հրաշքով ոստիկանությունը հայտնաբերեց, որ ամեն դեպքում վարում է նման վիճակագրություն: Կամ էլ հենց հարցումը ստացան, որոշեցին այդ պահից սկսած՝ վարել նման վիճակագրություն:
«Ըստ ոստիկանության՝ FIP.am-ին տրամադրած վերջին տվյալների՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 290 դեպք, որից 92-ը՝ ինքնասպանություն, 198-ը՝ ինքնասպանության փորձ»,- նշված էր fip.am-ի՝ նույն թեմայով հրապարակման մեջ:
Տարօրինակ է, բայց փաստ: Մնում է հասկանալ՝ ո՞րն է ոստիկանության ընտրովի մոտեցման մոտիվացիան կամ տրամաբանությունը՝ համատեղ գործընկերությո՞ւնը, վա՞խը, թե՞ մեկ այլ հանգամանք կա: Իսկ միգուցե քաղաքական հրահա՞նգ կա:
Հետաքրքիր է՝ երբ պատասխանում էին fip.am-ին, չէի՞ն հիշում, թե մեկ այլ լրատվամիջոցի նույն թեմայի վերաբերյալ ինչ են պատասխանել:
Խնդիրն այստեղ Դանիել Իոաննիսյանը չէ, ոչ էլ մեր գործընկեր fip.am կայքը. այս թեմայի մեջ իրենք անուղղակի մասնակցություն ունեն: Խնդիրը ոստիկանության գործելակերպն է, մի կառույցի, որը համարվում է իրավապահ: