Ինքնասպանությունները՝ որպես սպառնալիք. ինչո՞ւ են իրավապահ մարմինները թաքցնում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թվերը
Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում վերջին ամիսներին արձանագրվող ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն աստիճանաբար սպառնալիք են դառնում հասարակության համար:
Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով կարդում ենք ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի մասին. կամուրջներից, բարձր շինությունների տանիքներից նետվելը, ցավոք, հասարակության մի զգալի շերտի մոտ հարցի լուծման միակ տարբերակ է դարձել:
Հերթական դեպքի մասին իմացանք երեկ:
Գեղարքունիքի մարզում, Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել էր ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր 15-ամյա որդու դին:
Մարդիկ ինքնասպան են լինում սոցիալական, տնտեսական, ընտանեկան խնդիրների պատճառով, խաղատներում տանուլ տրված տան, գույքի, կորսված ընտանիքի ցավից, անպատասխան սիրո, հատկապես դեռահասների համար սպառնալիք դարձած ռուսական «Синий кит» խաղի հրահանգներին հետևելով, ապագայի նկատմամբ անորոշության կամ այլ պատճառներով…
Գերակշռողը, սակայն, մարդկանց՝ օր օրի ահագնացող սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման տարբերակ էմոցիոնալ գերզգայուն վիճակում գտնվող մարդը չի գտնում: Խիստ մտահոգիչ է նաև ինքնասպանության դիմող անչափահասների թիվը:
168.am-ը Ոստիկանություն և ՀՀ Քննչական կոմիտե գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել 2022թ. հունվարից հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ ոստիկանության կողմից արձանագրված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վիճակագրությունը՝ ըստ ամիսների, առանձին-առանձին:
Ի զարմանս մեզ, սակայն, երկու կառույցներն էլ հրաժարվեցին մեզ տվյալներ տրամադրել ինքնասպանությունների ու դրանց փորձերի վերաբերյալ:
Ոստիկանությունից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չեն կարող տրամադրել, քանի որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի հաշվառում չի իրականացնում։
«Համաձայն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի 22.06.2009թ. թիվ 14-Ց ցուցումի ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը ամփոփում է ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից ստացված «ՀՀ տարածքում արձանագրված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերի մասին» կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունը և տրամադրում է ՀՀ վիճակագրական կոմիտե, որը հրապարակում է իր պաշտոնական կայքում (armstat.am)»,- նշված էր ոստիկանության կողմից տրամադրված պատասխանի մեջ:
Վիճվարչության կայքում, բնականաբար, անիմաստ է որևէ բան փնտրել, նախ՝ որովհետև կիսամյակը դեռ չի ավարտվել, և բացի դրանից, armstat.am կայքի լաբիրինթոսում առհասարակ որևէ տվյալ պեղելը գրեթե անհասանելի հմտություն է պահանջում:
Քննչական կոմիտեից ստացել էինք համանման պատասխան:
«Ձեր՝ վերը նշված գրությամբ առաջ քաշված հարցերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում վիճակագրություն չի վարվում»:
Այս պատասխանն առավել քան տարօրինակ է, որովհետև միայն ՔԿ-ում հարուցվող քրեական գործից հետո ոստիկանությունը կարող է տվյալ ստանալ, հետևաբար՝ նրանք չենք կարող չունենալ այդ վիճակագրությունը:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, տարբեր առիթներով տարբեր տվյալների վերաբերյալ վիճակագրություն տրամադրել են ու շատ ավելի լայն բացվածքով: Տարօրինակ է, որ այս անգամ հրաժարվեցին տվյալ տրամադրել:
Արդյո՞ք հայցվող վիճակագրության թեման էր խնդիրը, և իշխանությունը խուսափում է թիվ հայտնել, որովհետև այդ թիվն իրականում մեծ է, ցույց կտա ժամանակը: Մենք ամեն դեպքում կսպասենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին ու թեմային կանդրադառնանք ևս մեկ անգամ: