Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում (ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։
12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհետ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:
30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհետ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020 թ․ 44-օրյա պատերազմին, ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի:
22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհետ բացակայող, և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դուստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ:
ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:
Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) և 550-րդ (զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար: