Ինչպե՞ս առավելագույնս նվազեցնել օրգանիզմում քաղցկեղի առաջացման ռիսկը
Ուռուցքաբան Նիկիտա Կորոլյովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես առավելագույնս նվազեցնել օրգանիզմում քաղցկեղի առաջացման ռիսկը։ Մասնագետն ընդգծել է, որ ուռուցքային հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Քաղցկեղի հիմնական նենգությունն այն է, որ այն տարածվում է այն օրգաններին, որոնցում բորբոքում կա, նշել է նա։
Քաղցկեղի զարգացում հրահրում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը։ Նաեւ քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է ինսուլինի բարձր մակարդակի դեպքում, որը տեղի է ունենում հաճախակի ուտելու, ինչպես նաեւ մեծ քանակությամբ դատարկ ածխաջրերի եւ շաքարի օգտագործման դեպքում, պարզաբանել է մասնագետը։
Ուռուցքաբանի խոսքով՝ քաղցկեղի լավ կանխարգելում է ինտերվալային սովը։ Բացի այդ, պետք է ուշադիր հետեւել սննդակարգին եւ օգտագործվող մթերքների որակին: Ճաշացանկում պետք է անպայման լինեն օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, քանի որ դրանք նվազեցնում են քաղցկեղային բջիջների առաջացման վտանգը։ Բայց Օմեգա-6 ճարպաթթուներից, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են եգիպտացորենի եւ բամբակի յուղի մեջ, Կորոլյովը խորհուրդ է տալիս խուսափել։ Փաստն այն է, որ դրանք կարող են հրահրել բորբոքային պրոցեսներ։ Արժե նաեւ հրաժարվել տրանսճարպերից, որոնք վերամշակված եւ ռաֆինացված մթերքների մաս են կազմում։
Բջջանյութը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, բայց միայն այն դեպքում, եթե մեր օրգանիզմն այն ստանում է բնական մթերքներից։ Սինթետիկ հակաօքսիդանտները մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը, մինչդեռ բանջարեղենի, հատկապես խաչածաղկավոր բանջարեղենի մեջ պարունակվող բնական հակաօքսիդանտները, ընդհակառակը, նվազեցնում են քաղցկեղի զարգացումը: Կորոլյովը նշել է, որ ամենահզոր հակաօքսիդանտը, որը նվազեցնում է քաղցկեղի բջիջների ձեւավորումը, մելատոնինն է, որն արտադրվում է մարդու մոտ քնի ժամանակ, ինչպես նաեւ արեւի լույսի ազդեցությամբ։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել քնի որակի նկատմամբ եւ ավելի հաճախ լինել արեւի տակ։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է նվազեցնել քաղցկեղի զարգացումը։