Բաժիններ՝

Աստծու սիրտը ցավում է մարդկանց վշտերի համար

Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր փորձություն նաև Աստծու պարգևն է: Դա ևս մեկ հավելյալ «միավոր» է մյուս կյանք անցնելու համար: Ապագա կյանքում վարձատրվելու այդ հույսն ինձ ուրախություն, մխիթարություն և ուժ է տալիս, ու ես կարող եմ դիմանալ այն վշտերի ցավին, որ տանջում են շատ շատերին:

Մեր Աստվածը Բահաղը չէ՛, այլ սիրո Աստված է: Նա Հայր է, ով տեսնում է տարբեր գայթակղություններից և փորձություններից տանջվող Իր զավակների տառապանքը: Եվ Նա կվարձատրի, միայն թե համբերենք մեզ հասած փորձության այդ փոքր տառապանքին, կամ, ավելի լավ է ասել, մեզ եկած օրհնությանը:

– Հա՛յր, որոշ մարդիկ հարցնում են. «Բայց մի՞թե դաժան չէ այն, ինչ Աստված թույլ տվեց: Մի՞թե Աստծու սիրտը չի ցավում»:

– Հիվանդություններից, դևերից, բարբարոսներից և այլնից տառապող մարդկանց համար զգացած Աստծու ցավն իր մեջ ուրախություն էլ է պարունակում երկնային այն վարձքի համար, որ Նա պատրաստել է նրանց համար: Այսինքն՝ Աստված նկատի ունի այն վարձքը, որ գայթակղությունների ենթարկված մարդը Երկնքում կստանա: Նա գիտի, թե այդպիսի մարդուն ինչ է սպասվում հաջորդ կյանքում և դա Աստծուն «ուժ է տալիս համբերելու» այդ ցավին: Չէ՞ որ Աստված Հերովդեսին թույլ տվեց այդքան հանցագործություններ գործել (Մատթ. 2:16): Հերովդեսը տասնչորս հազար մանուկկոտորեց ու բազմաթիվ ծնողների, որոնք զինվորներին թույլ չէին տալիս սպանել իրենց զավակներին: Չէ՞ որ այդ ծնողներին ևս սպանեցին: Բարբարոս զինվորականները, կամենալով հաճոյանալ իրենց վերադասներին, մանկիկներին մասնատեցին: Եվ որքան շատ էին տանջվում այդ մանուկները, այնքան ավելի մեծ ցավ էր զգում Աստված: Սակայն ուրախանում էր նաև այն մեծագույն փառքի համար, որ պետք է Երկնքում արժանանային: Նա ուրախանում էր այդ փոքրիկ հրեշտակների համար, որոնք պետք է հրեշտակակերպ մարտիրոսական աստիճանը կազմեին: Մարտիրոսներից՝ հրեշտակներ:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս