Մենք ավելի խելացի խաղ ցուցադրեցինք. Եղիշե Մելիքյան
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Կլուժ»-ի դեմ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքից:
«Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առկա էին մինչ խաղը՝ գրանցված արդյունքը համարում եմ նորմալ: Տղաներն արեցին առավելագույնը: Մենք շատ լավ վերլուծել էինք հակառակորդին: Ես նույնիսկ մեկնել էի Ավստրիա դիտելու նրանց ընկերական խաղերը: Մեզ հաջողվեց փակել հակառակորդի ուժեղ կողմերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մելիքյանը:
Մասնագետի խոսքով` բարդ է 10 օրերի ընթացքում նոր թիմ ստեղծել և սկսել պայքարը Չեմպիոնների լիգայում:
«Մեզ համար առավել դժվար է լինելու պատասխան հանդիպումը: Մենք ավելի խելացի խաղ ցուցադրեցինք»,-ասել է մասնագետը:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ռումինական «Կլուժ» ակումբին։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։30-ին։