Դատարանը չի կարող կատարել արարքի վերաորակում. «Ռեստարտի» գործով Դավիթ Հարությունյանի վճիռը հասանելի է
Շուրջ 2 շաբաթ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի համար ճանաչեց ու հռչակեց «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Ամբաստանյալներն արդարացվել էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին՝ վերացվել։
Այդ առնչությամբ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ի պաշտոնե հայտարարում եմ՝ Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը»:
Ինքը՝ Նարեկ Մալյանը, նույնպես անդրադարձել էր վճռին՝ նշելով, որ այդ պատմության մեջ իր համար կար միայն մեկ անակնկալ, դա այն էր, որ սորոսականների արդարացման դատավճռի պատասխանատվությունը դատաիրավական ամբողջ շղթայում իր վրա վերցրեց ԱԱԾ գեներալ-լեյտենանտ լուսահոգի Հրաչյա Հարությունյանի որդին:
«Դատավոր Դավիթ Հարությունյանը կայացրեց սորոսական հանցախմբի արդարացման դատավճիռը: Դատավոր Դավիթ Հարությունյանը ապացուցված և չզղջած սորոսականներին արդարացնելուց հետո փորձեց իր այս դատավճռի պատասխանատվությունը իր ուսերից գցել դատախազության և նախաքննական մարմնի վրա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, դատավորը որևէ կաշկանդվածություն չուներ արդարադատություն իրականացնելու և պատժելու հանցագործներին»,- գրել էր Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ դատավորի կայացրած վճիռն անպայման բողոքարկվելու է:
«Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակում արդեն իսկ հասանելի է սույն վճիռը, և 168.am-ին մասնավորապես հետաքրքիր էր՝ ինչպես են գնահատվել ապացույցներն ու փաստական տվյալները:
Դատարանը նախևառաջ փաստել է, որ մեղադրանքի և պաշտպանության կողմի դատավարության որևէ մասնակից ապացույցները, փաստական հանգամանքները փաստարկված կամ ըստ էության չի վիճարկել՝ նշելով, որ գործի փաստական հանգամանքներն ընդունում են, վիճել են բացառապես ամբաստանյալների դիտավորության ու դրան համապատասխան արարքների որակման հարցի շուրջ:
Ի թիվս այլ փաստերի՝ դատարանն ապացուցված էր համարել, որ ամբաստանյալները, գալով նախնական համաձայնության, որոշել են հաշվեհարդար տեսնել տուժողի հետ ու այդ նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ մինչև ժամը 00:40-ի սահմաններում այցելել են, հավաքվել են տուժողի բնակության՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում գտնվող շենքի մոտ, տուժողի՝ շքամուտքին մոտենալուն պես հարձակվել են վերջինիս վրա, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ հրելով և քաշելով, ճնշելով վերջինիս դիմադրությունը, փորձել են տեղափոխել կամ տեղադրել նրան նույն շենքի դիմացի մայթում գտնվող աղբամանը, սակայն իրենց դիտավորությունը չեն կարողացել հասցնել ավարտին. շուրջ 20-30 մետր տուժողին տեղափոխելուց հետո նրանց գործողությունները կանխվել են մոտակայքում գտնվող իրավապահների միջամտության արդյունքում:
Ամբաստանյալները տուժողին տեղափոխել են ընդամենը մի քանի մետր, բայց ոչ ավել, քան մինչև հանդիպակաց մայթ. Գործողությունները կանխվել են փողոցի վրա, ամբաստանյալներն առևանգման դիտավորություն չեն ունեցել. Նպատակ են հետապնդել տուժողին տեղափոխել աղբաման՝ դրանով հոգեկան տառապանք պատճառել ու հաշվեհարդար լինել իրենց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար. Նշվածը դատարանում նշել է թե՛ տուժողը, թե՛ այն չեն բացառել ամբաստանյալները, այն ողջամտորեն բխում է նաև այլ փաստական տվյալներից:
Դատարանը նաև գտել է, որ գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, փաստական տվյալ այն մասին, որը կարող է վկայել, խոսել այն մասին, թե ամբաստանյալները նախապես, տեղում կամ երբևէ ցանկացել են տուժողին տեղափոխել այլ վայր (ուրիշ թաղամաս, բնակավայր, քաղաք և այլն), կտրել միկրոսոցիալական միջավայրից, դեռ ավելին, առկա ապացույցներն աներկբայորեն փաստում են ամբաստանյալների դիտավորությունը տուժողին մոտակայքում՝ նույն փողոցի դիմացի մայթում գտնվող աղբամանը գցելու մասին, առևանգման մասին հիշատակում, հարցադրում կամ ենթադրություն պարունակող դատողություն առկա է բացառապես տուժողի ցուցմունքում:
Տուժողը նշել է, որ չի իմացել, թե ամբաստանյալներն ինչ են անում. սկզբում ենթադրել է, թե ամբաստանյալներն ուզում են իրեն սպանեն, կողոպտեն, խուլիգանություն կատարեն, իսկ հետո իրեն թվացել է, որ ուզում են առևանգեն: Այսինքն՝ բացի տուժողի՝ քննության սկզբում հայտնած ենթադրություններից, առկա չէ գեթ մեկ վկայակոչում, կամ առավել ևս՝ ապացույց այն մասին, որ ամբաստանյալներն ունեցել են տուժողին առևանգելու դիտավորություն:
Դեռ ավելին՝ պետք է նշել նաև, որ չկա դատական պրակտիկայում գեթ մեկ հայտնի դեպք (մասնավորապես՝ datalex.am համահասանելի տեղեկատվական կայքում առկա են հարյուրավոր օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով դատավճիռներ), երբ անձին՝ նման կարճ տարածության մեջ տեղափոխումը որակված լինի՝ որպես առևանգում: Այլ կերպ՝ առկա չէ պրակտիկայում գեթ մեկ դեպք, երբ առանց սոցիալական միկրոմիջավայրից անձին տեղափոխելու, հեռացնելու կամ դրա փորձի դեպքում արարքը որակված լինի՝ որպես առևանգում:
Այսպիսով, Դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա, հատկապես՝ դրանց վերաբերյալ վերլուծությամբ, գնահատականներով, ամբաuտանյալների մեղավորության մաuին չփարատվող բոլոր կաuկածները նրանց oգտին մեկնաբանելով ու հատկապես հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ կարգավորումը, ըստ որի՝ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով է մեղադրանք առաջադրված, այսինքն` մի խումբ անձանց կողմից առևանգում, ինչպես նաև նկարագրված չէ մեղադրանքում, մասնավորապես անձին ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ հանգամանքները, իսկ արարքի վերաորակում դատարանն իրավասու է կատարել բացառապես մեղադրանքի սահմաններում՝ երաշխավորելով պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը, ուստի Դատարանն արձանագրում է, որ ապացուցված չէ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը, և պետք է կայացնել արդարացման դատավճիռ բոլոր ամբաստանյալների վերաբերյալ:
Այլ կերպ՝ եթե նույնիսկ ընդունենք, թե դատաքննությամբ հիմնավորվել է ամբաստանյալների կողմից կատարված մեկ այլ ենթադրյալ հանցագործություն, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը (Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ապա Դատարանն իրավասու չէ կատարել արարքի վերաորակում, քանի որ կաշկանդված է մեղադրանքի ծավալով: Հակառակ մոտեցումը կնշանակի, թե դատարանն իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, ինչն անթույլատրելի է»,- գրված է դատավոր Դավիթ Հարությունյանի հրապարակած վճռում: