Հայ զինվորների մարմիններն այլևս չեն փնտրում. Արցախի փրկարար ծառայությունը զրկված է հնարավորությունից
«Բերձորը թշնամուն հանձնելու մասին իմացանք հասարակական նախաձեռնություններից և լրագրողական արձագանքից: Ոչ մի պաշտոնական գործընթաց չի հանդիսացել մեր առաջնային տեղեկատվական աղբյուրը, որ իմանայինք, որ Արցախը Հայաստանի հետ կապող միակ հուսալի կապը՝ շատ զգայուն, շատ խոցելի դարձած այդ կապը, վտանգված է, այն էլ այն փուլում, երբ արդեն ճանապարհաշինական աշխատանքները տեսանելի էին հայկական կողմի դիտակետերից՝ արդեն կառուցված կամուրջի ու ասֆալտապատման արդյունքներով: Դրանից հետո նոր իմանում ենք, որ վտանգված է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը»,- «Համախմբում» շարժման նախաձեռնած «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» թեմայով քննարկմանը նշեց շարժման նախաձեռնության անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով, պաշտոնական բացատրություններում հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետին, որով դա նախատեսված էր:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության մեջ նշվում է, որ կողմերի համաձայնությամբ ԼՂ և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, ոչ թե ճանապարհ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար: Հայտարարության մեջ հստակ գրված է, որ կողմերն են Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը, այսինքն, եթե կողմերից մեկը համաձայնություն չի տալիս, նշանակում է՝ ոչ թե ճանապարհը, այլ՝ նախագիծը չի ընդունում:
Հիմա եթե այդ նախագիծը կա, և ճանապարհը կառուցում են, նշանակում է, որ կողմերը տվել են համաձայնություն: Այս պահի դրությամբ, երեկ ես համոզվեցի Արցախում, բնության մեջ գոյություն չունի մի փաստաթուղթ, որտեղ դրված լինի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որը ֆորմալ իմաստով կհամարվի համաձայնություն ճանապարհի նոր նախագծի և դրա կառուցման վերաբերյալ: Այսինքն՝ հերթական անգամ գործ ունենք, այսպես կոչված, բանավոր պայմանավորվածությունների հետ, որոնք չունեն ոչ մի իրավական ձևակերպում:
Այսինքն, եթե Հայաստանի վարչապետը չլինի Նիկոլ Փաշինյանը, մենք հնարավորություն ունենք կանխելու այս աղետը, որովհետև Հայաստանի վարչապետը կարող է հրաժարվել ու ասել, որ համաձայնություն չի տալիս որևէ նախագծի՝ անգամ տեխնիկական ու աշխարհագրական պատճառներ մեջբերելով, բայց ֆորմալ իմաստով համաձայնություն չլինելու պարագայում այս ճանապարհը կյանքի է կոչվում»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:
Նա մեջբերեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեկ այլ կետ, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնային միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
«Նախ մի կարևոր բան․ այստեղ որևէ սահմանափակում չկա, թե ինչ բեռների ու ինչ ուղևորների մասին է խոսքը, բայց նոյեմբերի 9-ից հետո ռազմական նշանակության բեռներ Արցախ չեն գնում, զինվորական համազգեստով մարդիկ Արցախ չեն գնում: Այսինքն՝ հայտարարությունը սահմանափակում չունի, բայց իրականության մեջ փաստացի սահմանափակումը կա Ալիևի և Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում: Կարևոր մի բան, Ադրբեջանը երաշխավորում է այդ անվտանգությունը միայն Լաչինի միջանցքով, իսկ թե ինչ բան է Լաչինի միջանցքը, դա էլ է շատ որոշակի: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) այն ճանապարհն է, որով հնարավոր է Գորիսից Ստեփանակերտ գնալ:
Ցանկացած նոր ճանապարհ կամ ուղեգիծ Լաչինի միջանցք չի համարվելու, այլ համարվելու է նոր ճանապարհ, որի համար Ադրբեջանի հանրապետությունը որևէ պարտավորություն չունի: Եթե ասում է՝ բանավոր, կամավոր դուրս եք գալիս նոյեմբերի 9-ի Լաչինի միջանցքից և որոշում եք երթևեկել մեր կողմից կառուցված շատ ավելի հարմարավետ գեղեցիկ ճանապարհով, ապա կերթևեկեք այնքան ժամանակ, քանի ձեզ այդ հնարավորությունը կտանք, բայց մենք պարտավորություններ չունենք դա ձեզ համար անելու, գոնե մինչև 2025թ.:
Իմ արցախյան այցի ժամանակ ես պարզեցի, որ ճանապարհի զգալի հատվածը՝ մոտ 7 կմ, անցնում է Արցախի Հանրապետության և ՀՀ վարչական տարածքից դուրս: Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածը ֆիզիկապես գտնվելու է Ադրբեջանի պաշտոնական տարածքում: Հիմա հարց՝ ով է այն հիմարը, որը հավատում է , որ ադրբեջանցիները իրենց կողմից վերահսկվող տարածքում իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական ընկերության ջանքերով կառուցում են ճանապարհ հայերի համար»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:
Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի մասին, ըստ որի՝ գերիները վաղուց պիտի վերադարձած լինեին Հայաստան, Էդգար Ղազարյանը վստահեցրեց, որ տևական ժամանակ է՝ Արցախի փրկարար ծառայությունը զրկված է մարտի դաշտերում և անտառներում որոնողական աշխատանքներ կատարելու իրավունքից:
Նրա խոսքով, ոչ մի կետ այս հայտարարությունից չի կատարվում, բացառությամբ այն կետերի, որոնք ունեն բանավոր պայմանավորվածություններ:
Աննա Դեմիրճյան