3.5 միլիոն եվրո՝ մեկ անձից գնումների համար. Կառավարությունը պատրաստվում է «Մանկական եվրատեսելին»
«Մանկական եվրատեսիլ» մրցույթը 2022 թվականի դեկտեմբերին անցկացվելու է Հայաստանում։
Մրցույթի կազմակերպման նպատակով Կառավարությունը որոշել է հերթական անգամ հսկայական միլիոններ հատկացնել մեկ անձից գնումներ իրականացնելուն՝ չկազմակերպելով որևէ մրցույթ՝ ցածր գին+ բարձր որակ ստանալու համար։
Պարզվում է՝ Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) կանոնակարգերի և այս կազմակերպության և Հանրային հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրերի համաձայն՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթն անցկացվելու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Եվրոպական հեռարձակողների միության կանոնակարգի համաձայն՝ մրցույթի կազմակերպման կարևորագույն բաղադրիչներից է հանդիսանում նկարահանման տեխնիկայի, շարժական հեռուստակայանի ապահովումը, ինչն այս դեպքում պետք է գնի հայկական կողմը։
Կառավարությունում որոշել են, որ նման ծավալի տեխնիկա գնելու համար գնման մրցույթ պետք չէ հայտարարել, քանի որ դա կարող է ռիսկեր պարունակել, ուստի որոշել են բոլոր գնումները մեկ անձից կատարել՝ այս դեպքում նախապես ընտրված թվով 3 մատակարար կազմակերպություններից։
Տեխնիկական միջոցների գնման նվազագույն շուկայական արժեքը կազմել էր մոտ 3,5 մլն եվրո (առանց մաքսազերծման ծախսերի)։
Կառավարության որոշմամբ՝ 3,5 միլիոն եվրոն, սակայն, վերջնական թիվ չէ. այն կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով տեխնիկական բնութագրիչների հստակեցումն ու հեռուստատեսային տեխնիկայի ձեռքբերման անընդհատ փոփոխվող արժեքները։