Ինչպես է «գնել» BMW մակնիշի ավտոմեքենան 1000 դոլարով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Նա մեղադրվում է այն բանում, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Գոռ Պ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ նրա գույքը հափշտակելու դիտավորությամբ վերջինիս պատկանող 1.500.000 ՀՀ դրամ արժողության ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնելու պայմանով 07-11-2010թ. վճարել է 1000 ԱՄՆ դոլարը և խոստացել մնացած 3000 ԱՄՆ դոլարը վճարել մինչև տարեվերջ:

Սակայն Գոռ Պ.-ից վերցնելով նշված ավտոմեքենան մի քանի օր անց 2100 ԱՄՆ դոլարով վաճառել է Վարդենիս քաղաքի բնակիչ Վահե Ե.-ին` Գոռ Պ.-ին պատճառելով խոշոր չափերի` 3000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.082.520 ՀՀ դրամ նյութական վնաս:

Այսինքն Դավիթ Ղ.-ը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վերոնշյալ հոդվածի համար`

1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեղադրյալ Դավիթ Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղքը պաշտպանվում է Արմավիրի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս