Առաջարկվում է դասարանները կոմպլեկտավորել, ուսուցիչներին տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 և 75 %-ի չափով հավելավճար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասարանների կազմավորման կարգի մասին նախագիծը:
ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 30-ի N954-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է՝ դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը: Այս կարգավորման նպատակն է՝ ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ դարձնել, քանի որ փոքրաթիվ աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունում հնարավոր է գործընթացը պատշաճ կազմակերպել, դասարանները որոշակի առարկաների ժամերին ըստ համատեղելիության և ուսուցման գործընթացը կազմակերպելու հնարավորությունները միավորել, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով դպրոցներում բազմահամակազմ դասարաններ ձևավորել՝ հաշվի առնելով տարիքային և առարկայական որոշ առանձնահատկություններ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնարին է դառնում տարբեր պատճառներով, օրինակ՝ աշակերտակենտրոն ուսուցում իրականացնելու, դասապրոցեսին խմբային աշխատանք կատարելու, արդյունավետ մեթոդներ կիրառելու անհնարինության, մատուցված նյութի հարցմանը քիչ սովորողներ ընդգրկելու հիմնավորմամբ։ Ոչ պակաս կարևորություն ունի առողջապահական, հիգիենայի և այլ կարևորագույն նորմերը չպահպանելու խնդիրը, որը համավարակի տարածման կանխարգելման գործընթացում առավել ակնհայտ դարձավ։
Ներկայում փոքրաթիվ աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են նաև քառահամակազմ դասարաններ՝ դասավանդվող բոլոր առարկաներից, ուստի սովորողների ուսուցումը կազմակերպելիս արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Դրանք հիմնականում կապված են բազմահամակազմ դասարանները բոլոր առարկաների համար նույն մոտեցմամբ կազմավորելու, ուսուցչի կողմից դասապրոցեսը մեթոդապես անարդյունավետ կազմակերպելու, դպրոցները դասավանդման համար ոչ բավարար գործիքակազմով համալրված լինելու հետ:
Նման դպրոցներում աշակերտների թվով պայմանավորված՝ ոչ լրիվ դրույքաչափով ապահովված լինելու արդյունքում ուսուցիչները շատ ցածր են վարձատրվում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կրթական արդյունքն ավելի ցածր է, մասնավորապես՝ ԲՏՃՄ ոլորտի առարկաների, քան քաղաքային բնակավայրերի սովորողների ցուցաբերած արդյունքներն են։ Արձանագրված խնդիրներն ավելի արտահայտիչ են հատկապես հումանիտար և ԲՏՃՄ ոլորտի առարկաների ժամերին բազմահամակազմ դասարաններ ձևավորելու արդյունքում։
Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի՝ Հայաստանի աղքատ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը (ընդհանուր 38.690-ից մոտ 4000-ը, համարժեք է 10%-ին) աշխատում է գյուղական դպրոցներում: Գյուղական վայրերում ուսումնառության արդյունքները զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են, համապատասխանաբար, 12.1-ը և 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3 (սահմանամերձ տարածքներ) և 12.5 (հեռավոր գյուղեր):
TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային և գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ և գյուղաբնակ 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն՝ ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015 թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր, քան 2003-ին, իսկ բնագիտական առարկաներից մնացել են նույնը: Խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական և քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների և արձանագրվող խնդիրների մասին է: Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է դասարանները կոմպլեկտավորել՝ դիտարկելով տարբեր առարկաների առանձնահատկությունները, դասավանդման մեթոդների համադրելիությունը, տարատարիք սովորողների համաժամանակյա ուսուցման համատեղելիությունը, ինչպես նաև միևնույն հետաքրքրություններն ունեցող սովորողների համար կրթական գործընթացի կազմակերպման հնարավորությունը՝ հրաժարվելով քառահամակազմ դասարաններ ձևավորելու սկզբունքից։
Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն, առաջարկվում է համապատասխանաբար երկհամակազմ և եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 և 75 %-ի չափով հավելավճար՝ նրանց վարձատրության բարելավման հնարավորություն ընձեռելով, որը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի առումով, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու տեսանկյունից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միաժամանակ, մինչև այս մոտեցման ներդրմանը՝ ժամանակը կօգտագործվի դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար։
«Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը երկու բաղադրիչով. կհստակեցվի, որ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ և արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում պետք է գործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Պարզ ասած, երեխաները կարող են խմբավորվել արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերին, բայց բնագիտական առարկաները, մաթեմատիկան, լեզուները և այլնը պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուրն իր դասարանի ծրագիրն առանձին։ Կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է` երկու դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 50 %-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 75 %-ի չափով: Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսում ենք փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնել երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում, ինչից մինչ այժմ զրկված են եղել»։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս մոտեցումը փորձարկվել է այս տարի Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի շրջանակներում։
Փոխնախարարի գրառման տակ մեկնաբանություն թողած օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ ավագ դասարաններում եթե խումբ չձևավորվի, տվյալ առարկան ցանկություն ունենա ուսումնասիրել 1 կամ 2 աշակերտ, նրանք կունենա՞ն այդ հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը հարցին դրական պատասխան է տվել:
Մեկ այլ օգտատեր էլ նկատել է. «Խնդիրն ավելի լուրջ է. եթե նախագծով առաջարկվում է դպրոցներին ֆինանսավորել դասարանների թվով, ապա ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ դասարանների թիվը կազմավորվում է աշակերտների թվից, հետևաբար՝ քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցները ֆինանսական առումով մնում են նույն կոտրած տաշտակի առաջ, բազմահամակազմ դասարաններ ձևավորելու արդյունքում էլ ուսուցիչները փաստացի կկանգնեն կրճատումների առաջ, որոշ ուսուցիչներ կշահեն, ոմանք կտուժեն: Այս առումով ավելի ճիշտ կլինի բազմահամակազմ դասարաններ չձևավորել և ուսուցչի վճարումը կատարել ամբողջական, ոչ թե՝ աշակերտների քիչ լինելու պատճառով 0,25 կամ 0,5 տոկոսով: Ուսուցչի մեղավորությունը չէ, որ դասարանում 2 կամ 3 աշակերտ սովորելու դեպքում, օրինակ, շաբաթական 4 ժամ պարապելու դեպքում վճարվում է 2 ժամի համար: Կխնդրեի նաև, որ նախագծի մեջ մտցնեիք սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում աշխատող ուսուցիչներին հավելավճարներ տրամադրելու կամ ուսուցչական դրույքաչափը բարձրացնելու հարցը»:
Քննարկումները թե փոխնախարարի ֆեյսբուքյան էջում, և թե Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շարունակվում է, թե որքանով ներկայացված առաջարկներն ու տարաբնույթ հնարավոր խնդիրների վերաբերյալ մտահոգությունները հաշվի կառնի գործադիրը, և դրանց լուծումները կտրվեն նախագծում, հայտնի կդառնա միայն, երբ նախագիծը վերջնական տեսքով ընդունվի: Մի բան պարզ է, որ մեր երկրի անկախացումից ի վեր պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում կրթական ոլորտն ու դրան վերաբերող օրենսդրությունը, բայց համակարգը դեռ գոհացնող չէ: