Թալիշի՝ 509 թվականին գրված հրաշագործ Ավետարանի մասին

Արցախի ամենահին պատմություն ունեցող գյուղերից մեկն է Թալիշը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ գյուղը հիմնադրվել է 401 թվականին, Ուտիք գավառի Թարիջ իշխանի կողմից։ Թալիշը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ։ Տեսակետներից մեկի համաձայն՝ Թալիշը 1279 թվականին կրել է Հոռեկա գյուղ անվանումը, որն էլ կապված է եղել Հոռեկավանքի հետ։ Հոռեկավան անվանումը պահպանվել է մինչև 1809 թվականը, իսկ 1822 թվականից գյուղի Թալիշ բեկի անունով կոչվել է Թալիշ։ Նախորդ համարում արդեն իսկ ներկայացրել ենք հայ մեծանուն վիպասան Րաֆֆու` Սյունիք և Արցախ ճանապարհորդության ժամանակ Մոխրաթաղի մասին մանրամասները։ Այս անգամ կխոսենք Թալիշի մասին, որտեղ ևս հայ մեծ վիպասանը եղել է ու պատմում է բացառիկ մանրամասներ։

Թալիշի պատմական տեղեկությունների կողքին Րաֆֆին պատմում է նաև, որ դեպի Թալիշ տանող ճանապարհը վտանգավոր է, քանի որ այնտեղ շատ են գողերը, և լինում են սպանություններ։ Սակայն այդ ամենը չի խանգարում վիպասանին, որպեսզի մթով հասնի Թալիշ գյուղ։

«Բոլորովին մութ էր, երբ ես հասա Թալիշ գյուղը և իջևանեցի տեղային յուզբաշու տանը։ Այդ գյուղը, որպես վերևում հիշեցի, հիմնել են հին թալիշեցիք, երբ նրանք վերադարձան գաղթականությունից։ Հնության արժանավոր մի բան չգտա այստեղ։ Գյուղը դեռ նոր է, ոչ եկեղեցի ունին և ոչ գերեզմանատուն. Իրանց ննջեցյալները թաղում են Հին Թալիշում, Հոռեկի եկեղեցու շրջակայքում»։ (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 9-րդ, էջ 273):

Հոռեկավանքի տարածքում Րաֆֆին կարողանում է գտնել Թալիշի մելիքների գերեզմանները։ Հոռեկի եկեղեցու շուրջն է գտնվում նաև Մելիք Բեգլարովի տոհմային գերեզմանատունը։ Եկեղեցին գտնվում է անտառապատ սարի լանջին, և այնտեղից տեսարան է բացվում, որտեղից երևում են Կուր և Թարթար գետերը։ Հետաքրքրական է, որ Րաֆֆին Թալիշում լսում է հրաշագործ մի ավետարանի մասին պատմություն, և սկսում է անցնել այդ հետքերով։

«Մյուս օրը ինձ ասացին, որ այստեղ մի մարդու տանը մի սուրբ գիրք կա, որով բժշկություններ են լինում։ Իսկույն հասկացա, որ Ավետարան կլինի։ Ինձ այնքան չէր հետաքրքրում գրքի հրաշագործությունը, որքան այն միտքը, թե կարելի է նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել. Այդ պատճառով ինձ հետ առնելով գյուղի երիտասարդ քահանային, գնացինք այդ գիրքը տեսնելու։ Նա գտնվում էր մի հասարակ գյուղացու մոտ և այդ գրքի պատճառով գյուղացին իր տունը ուխտատեղի էր շինել։ Ամեն կողմից թափվում էին այնտեղ հիվանդներ և զանազան ցավագարներ, որոնցից, իհարկե, գյուղացին շահվում էր։ Ինձ ևս ուխտավոր համարելով, տանտերը մեծ ուրախությամբ ընդունեց։ Իսկույն առաջարկեց նա մոմեր գնել, որ յուր մոտ պատրաստի պահում էր։

Գիրքը դրած էր մի մութ, խոնավ խորանում, որի դուռը բացվում էր տան մեջ։ Այստեղ այնքան մութն էր, որ չնայելով՝ մենք մեր գնած մոմերը վառեցինք, բայց դարձյալ դժվար էր կարդալ հին գրչագիրը, որի տառերը ժամանակին հնությունից մուգ-դեղին գույն էին ստացել։ Ես խնդրեցի, որ գիրքը դուրս տանեն, տանտերը ընդդիմացավ, ասելով, որ «աղան» կբարկանա, եթե տեղից շարժեն նրան։ Ով էր այդ «աղան», ես հասկանալ չկարողացա։ Միայն, եթե «աղա» համարում էր նա Հիսուս Քրիստոսին, կարծեմ ավելի պիտի բարկանար տանտիրոջ վրա, որ յուր հեղինակությունը` սուրբ Ավետարանը, բանտարկել էր մի մթին խորանում և անմատչելի էր դարձրել հասարակությանը,–այն Հիսուս Քրիստոսը, որ ասում էր, թե ճրագը չեն դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, որ լույս տա ամենին»։ (Նույն տեղում` էջ 274):

Րաֆֆին խորը ցավով է հայտնում, որ տանտիրոջ հետ երկարատև զրույցներն ու բանակցությունները արդյունք չեն տալիս։ Տանտերը Ավետարանը մթին խորշից չի հանում, որպեսզի Րաֆֆին կարողանա գտնել պատմական բացառիկ տեղեկություններ։ Նա կարողանում է միայն կարդալ, որ Ավետարանը գրվել է 509 թվականին, հաստ մագաղաթի վրա։ Ավետարանը ուներ նաև խոշոր և գեղեցիկ երկաթագրեր։ Գիրքը բավական մեծ էր, որի պատճառն էլ հենց խոշոր երկաթագրերն են։ Իսկ բովանդակային տեսանկյունից գրքում կար միայն չորս ավետարանիչների ավետարանները։ Ցավալիորեն այլ մանրամասներ Րաֆֆին չի կարողանում հայտնել, քանի որ տանտերը չէր ցանկանում գիրքը տալ ուսումնասիրության համար։

Արցախյան առաջին և քառօրյա պատերազմների ժամանակ Թալիշը ընկել է, նորից ոտքի կանգնել և մնացել Արցախի Հանրապետության կազմում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղը մնաց Ադրբեջանի հսկողության տակ։ Գյուղի 26 պատմական հուշարձանները և մնացյալ այլ պատմական, մշակութային ժառանգություններն այլևս մերը չեն։ Ոչ ոք չգիտի, թե գյուղից այժմ ինչ կա պահպանված։ Մեզ են մնացել միայն պատմական տեղեկություններն ու հուշերը, որոնք կարդալով՝ գիտակից մարդիկ հերթական անգամ ցավում են, որ Արցախի հնագույն գյուղերից մեկն այլևս մերը չէ։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս