«Հայաստանին լուծում չեն տվել, մեզ ի՞նչ լուծում տան»․ Ծովագյուղի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացումից
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընրություններից շուրջ կես տարի անց իրավիճակը հանդարտվել է։
Գյուղացիները, որ դեմ էին համայնքների խոշորացման ծրագրին և Սևան համայնքի կազմում ընդգրկվելու դեմ բողոքի ակցիաներ էին իրականացնում, ճանապարհներ փակում, այսօր «զենքերը» վայր են դրել։
Ծովագյուղի բնակիչ Պայքար Բադալյանը ևս դեմ էր համայնքների խոշորացմանը և ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիաներին: Նա 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը հետ է կանգնել Ծովագյուղը Սևան համայնքի կազմից դուրս որպես առանձին համայնք թողնելու՝ իր տված խոստումից։ Հարցին՝ ի՞նչ լուծում են տվել խնդրին, Ծովագյուղի բնակիչը պատասխանեց․
«Հայաստանին լուծում չեն տվել, մեզ ի՞նչ լուծում տան։ Ոչ մի լուծում էլ չկա։ Այն ժամանակ ասացին՝ մի բան կանենք, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Այն խոստումները, որ տվեցին, լրիվ սուտ էր»։
Ինչպես Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները, այնպես էլ Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանն ամիսներ առաջ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կառավարությունից իրենց բանավոր խոստացել են խնդրին լուծում տալ, այս 2 գյուղերը թողնել առանձին համայնք։ Ուստի այսօր զրուցեցինք նաև Վահրամ Գևորգյանի հետ։ Նախկին համայնքապետն ասաց, որ բողոքի ակցիաներից, ճանապարհներ փակելուց հետո իշխանական պատգամավորներ են գնացել գյուղ, բնակիչներին համոզել, որ խոշորացումն արդյունավետ ծրագիր է, բայց ոչ գյուղացիները, ոչ էլ ինքը դրան չեն հավատում․
«Կարծում եմ՝ մի քանի ամսից մեծ դժգոհություններ են լինելու ժողովրդի մոտ։ Պատգամավորները եկել, խոստացել են, թե դժգոհություններ չեն լինի, ժողովուրդը գոհ է լինելու խոշորացումից, բայց մինչև տարվա վերջ կտեսնենք՝ ինչքանով գոհ կլինեն, ինչքանով՝ դժգոհ։ Բողոքի ակցիաներից հետո եկան ասացին՝ այս տարբերակն ավելի շահավետ է լինելու համայնքի համար, քան այն, ինչ դուք ուզում էիք»։
Ճշտող հարցին՝ Կառավարության այն պաշտոնյաները, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որի անունն էր շրջանառվում նաև, թե բանավոր խոստում է տվել Սեմյոնովկան և Ծովագյուղը որպես առանձին համայնք թողնել, արդյոք հանդիպե՞լ են գյուղացիների հետ, պարզաբանել իր տված, բայց չկատարած խոստումը, Գևորգյանը բացասական պատասխան տվեց։
168.am-ը տեղեկացավ, որ մեկ ամիս առաջ Սևան խոշորացված համայնքի Ծովագյուղ բնակավայրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սեդա Մինասյանը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում՝ հաշվի առնելով այն մեծ դժգոհության ալիքը, որ կար դեկտեմբերի 5-ից հետո։
«Սովորական իրավիճակ է, որևէ խնդիր չկա։ Համայնքի բնակիչները՝ իրենց առօրյայով, մենք էլ՝ մեր աշխատանքներին։ Եթե փաստաթուղթ է պետք լինում, գալիս են, եթե իրավասություն ունենք, իրենց հարցերը կարգավորում ենք, մնացած հարցերով էլ, եթե շարունակություն ունեն, գնում են Սևան»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս քվեարկության՝ դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը՝ խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։
Նրանք այս ընթացքում բազմաթիվ ակցիաներ են անցկացրել, ճանապարհներ փակել, հայտարարել, որ ոչ մի դեպքում չեն գնալու զիջումների։
Ի դեպ, այսօր էլ խորհրդարանում լսումներ են անցկացվում՝ կրկին համայնքների խոշորացման թեմայով: Կառավարությունը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում է միավորել արդեն մեկ անգամ խոշորացված համայնքները: 2015-ից առ այսօր Հայաստանում իրականացվել է համայնքների խոշորացման հինգ փուլ, ինչի արդյունքում 908 համայնք միավորվել է 79-ում: Ամենամեծ փուլը տեղի է ունեցել 2021թվականին, արդյունքում՝ 401 համայնք միավորվեց 36 խոշորացված համայնքներում։ Օրենսդրական նոր փոփոխությամբ նախատեսվում է, որ Հայաստանում ձևավորվի 71 համայնք, իսկ դրանց միավորումը ենթադրվում է իրականացնել սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում: Եթե Կառավարության առաջարկած օրենքի փոփոխություններն ընդունվեն, ապա չի բացառվում, որ խոշորացման ենթակա համայնքներում դժգոհության նոր ալիք բարձրանա: