«Կառավարությունից բանավոր ասել են՝ ճանապարհ ենք ման գալիս, որ օրենքի սահմանում հարցին լուծում տանք»․ Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որ դեմ էին համայնքների խոշորացմանը և Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն, այսօր կեսօրին հավաքվել էին Երևան-Սևան մայրուղուն հարող ճանապարհահատվածում և քննարկել իրենց հետագա անելիքները։
Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն էլ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչները ճանապարհ չեն փակել, ինչպես համացանցում էր լուր տարածվել․
«Որևէ լարված իրավիճակ չի եղել, պարզապես Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները ժամը 12։00-ին հավաքվել էին, որ տեսնեին՝ գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում կա։ Մարդիկ դեռ օրեր առաջ էին պայմանավորվել, որ այսօր պետք է հավաքվեին։ Ասեմ, որ Կառավարությունից արձագանք է եղել, թե տարբերակ են ման գալիս, որ կարողանան օրենքի սահմաններում հարցին լուծում տան»։
Հարցին՝ Կառավարությունից կամ մարզպետարանից ներկայացուցիչներ եկե՞լ էին բնակիչների հետ հանդիպելու, Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ իրենք Կառավարությունից ներկայացուցիչ չեն պահանջել․
«Մինչև այս են մեզ տեղյակ պահել, որ ինչ-որ ճանապարհ են ման գալիս, որ հարցին լուծում տան՝ օրենքի սահմաններում»։
Իսկ արդյոք ժամկետների մասով ևս պարզաբանում եղե՞լ է, Վահրամ Գևորգյանը բացասական պատասխան տվեց մեր հարցին, ապա շարունակեց, թե ինչքան շուտ կարողանան հարցը լուծել, այնքան լավ, քանի որ այս պահին համայնքապետարանը փակ է, չի աշխատում։
Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատարին հարցրեցինք, թե կոնկրետ ո՞ր պաշտոնյան է նման խոստում տվել․
«Տարբեր կառույցներից բանավոր ձևով կապվել են ինձ հետ ու տեղեկացրել են, որ ճանապարհ են ման գալիս, որ օրենքի սահմանում հարցին լուծում տան․․․»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։
168.am-ը նախորդ շաբաթ գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները, որ դեմ էին Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն և չէին մասնակցել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, Կառավարությանը ժամանակ են տվել վերանայելու խոշորացման մասին որոշումը, այլապես ճանապարհ կփակեն։