Մինչև քիմիական մշակման անցնելը պետք է նայեին, թե որ մասերում է արվում, ինչպիսի կենդանական աշխարհ կա, ինչ չափով կարող է վնաս կրել. բնապահպանը՝ «Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկման մասին
Ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
Բնապահպան Սիլվա Ադամյանի փոխանցմամբ՝ ընդհանրապես մի քանի տարի է՝ Դիլիջանի անտառածածկ տարածքներում քիմիական գլոբալ մշակում չի կատարվել: Մշակման ենթարկվել է, բայց մասնակի. այգիներ և այլ տեղեր, որտեղ շատ կենսաբազմազանություն չկա:
«Հիմա, փաստացի լուրջ խնդիր կա միջատների հետ կապված, որը պայմանավորված է կլիմայական տարբեր փոփոխությունների, ինչպես նաև կենսաբազմազանության տեսակային կազմի փոփոխությամբ: Եվ, քանի որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է ընդունել քիմիական մշակման ենթարկել անտառները: Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այն տարածքներում, որտեղ պետք է արվի քիմիական մաքրում՝ մարդկանց և կենդանիների մուտքն արգելվում է:
Տարօրինակ հայտարարություն. որևէ իրազեկ մարդ նման հայտարարություն չէր կարող տեղադրել: Գիտականորեն հիմնավորված հայտարարություն պետք է տեղադրեին, և մինչև քիմիական մշակման անցնելը պետք է նայեին, թե որ մասերում է արվում, ինչպիսի կենդանական աշխարհ կա, ինչ չափով կարող է վնաս կրել և այլն: Միջազգային մեր գործընկերները բազմիցս անդրադարձել են այս թեմային. Անգլիայում այսպիսի քիմիական մշակման պատճառով մի քանի տարի արծիվները չեն կարողացել ժառանգություն ապահովել. հենց ձուն դրել են՝ փշրվել է բնի մեջ: Այսինքն, դա քիմիական մշակման ազդեցությունն էր, որը կատարվել էր: Տարիներ շարունակ այնքան միջոցառումներ արեցին, մինչև այդ վիճակից դուրս եկան: Այսինքն, մի բան անելուց առաջ նախ պետք էր խորը մտածել: Ես չեմ ասում, որ պետք չէր անել: Նախ հետազոտություն պետք է անեին: Հիմա էլ ասում են՝ գիտնականներին հավաքենք, տեսնենք՝ ինչից են սատկել. պարզ չէ՞. մասսայական անկումը դրանից է»,- մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:
Հարցին՝ իրավիճակը շտկել հնարավո՞ր է, պատասխանեց.
«Պետք է օրերով մեծ քանակությամբ անձրևներ գան, մաքրեն, տանեն: Իրավիճակը կշտկվի, բայց վնասը կկրենք»:
Հավելենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։
Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները հունիսի 5-ին խորհրդակցություն են անցկացրել։ Ազգային պարկի մասնագետներն այցելելու են գրառումներում նշված բոլոր տարածքները, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։
Ընդգծենք, որ հայտնի է խլուրդի 4 ենթաընտանիք, 17 ցեղ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները (լատ.՝ Talpa orientalis) տարածված են նաև Հայաստանում՝ Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն՝ այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4-5 ձագ։ Մորթին բավականին արժեքավոր է։