«Ո՞ւր է այդ պողպատե մանդատը, երբ Հայաստանի սահմաններն են գծում ի շահ Ադրբեջանի ու Թուրքիայի»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» Հայաստանը հասցրեց 44-օրյա աղետալի պատերազմի, 5000 զոհերի, Ղարաբաղի փաստացի կորստի և Հայաստանի սահմանների բզկտման: Այս օրակարգը Հայաստանին ոչ միայն խաղաղություն չբերեց, այլև մեր երկիրը կանգնեցրել է պերմանենտ պատերազմների նախադռանը:

Պողպատե մանդատը ունեիր՝ գնայիր թափահարերիր Մոսկվայում ու Բրյուսելում, Մյունխենում ու Վաշիգտոնում ու հայ ժողովրդի՝ սեփական հողում ապրելու իրավունքը և Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանեիր: Ո՞ւր է այդ պողպատե մանդատը, երբ Հայաստանի սահմաններն են գծում ի շահ Ադրբեջանի ու Թուրքիայի: Պողպատե մանդատն իրականում դարձյալ թղթե շերեփն էր:

Ղարաբաղյան մեր հաղթանակները Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերածեց սահմռկեցուցիչ պարտությունների և կորուստների շղթայի:

Նիկոլ Փաշինյանի հետ Ղարաբաղի անկման և Հայաստանի մասնատման պատասխանատվությունը կրում են նրա կաբինետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Այդ պատասխանատվությունը կրում են նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք Հայաստանը և հանրությանը հասցրեցրին այն դատապարտելի վիճակին, որ նրանցից ազատվելու համար Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ ղեկավար:

Նիկոլ Փաշինյանի հետ այդ պատասխանատվությունը կրում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որի պարտվողական քաղաքականությունը ասպարեզ բացեց Նիկոլ Փաշինյանի իշխանության և Ղարաբաղը հանձնելու համար:

Յուրաքանչյուր սերունդ պիտի պահպանի և բազմապատկի այն ժառանգությունը, որ ստացել է նախորդներից. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամուն տվեց հայ ժողովրդի փառահեղ հաղթանակները՝ Հայաստանի անկախացումը և Ղարաբաղի ազատագրումը: Եվ ապշեցուցիչն այն է, որ այս իշխանությունը չի էլ գիտակցում, թե ուր է հասցրել Հայաստանը և հայ ժողովրդին:

Բայց միշտ էլ խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքերում է: Իսկ խեղդվողները մենք ենք ու մեր երկիրը»:

Տեսանյութեր

Լրահոս