Վաղվա հանրահավաքին մասնակցությունը շատ կարևոր է. ներկայացվելու են Արցախի խնդրի կարգավորման հայեցակարգային մոտեցումներ. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունն այսօր բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ նախագահի նստավայրին հարակից տարածքում այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Հայաստանի և Լիտվայի նախագահների հանդիպումը:

ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթեզրին հավաքվածները վանկարկել են՝ «Նիկո՛լ, դավաճան», «ամո՛թ», «առանց Նիկոլ Հայաստան»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այն խնդիրները, որ այսօր ընդդիմությունը դրել էր իր առջև, լուծվել են:

Այն է՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացին հստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և նրան որևէ միջազգային հարթակում ներկայացնելու:

«Այսօր ՀՀ-ում էր Լիտվայի նախագահը, և մեր հայրենակիցներն ամբողջ օրվա ընթացքում ներկա եղան գրեթե բոլոր հանդիպումներին, բարձրացրեցին ժողովրդի ձայնը՝ անընդհատ արձանագրելով, որ օրվա իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կամքը, չունի որևէ լեգիտիմություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ ժողովրդավարությունից խոսող Նիկոլ Փաշինյանը, երբ ընդունում էր Լիտվայի նախագահին, կառավարության շենքի դիմաց արգելված էր անգամ քաղաքացիների շարժը՝ 800 մետր շառավղով:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ եղանակային պայմանների պատճառով այսօր հանրահավաք չի լինելու: Այն տեղի կունենա վաղը, ժամը 18:00-ին, և հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, դաշնակցական գործիչը հորդորել է քաղաքացիներին մասնակցել վաղվա հանրահավաքին:

«Վաղվա հանրահավաքին մասնակցելով՝ դուք ո՛չ եք ասում այս կապիտուլյանտին, ասում եք՝ ոչ՝ երկիրը նոր զիջումների տանելուն, և հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով մոլորեցնելով՝ հայտնվել է իշխանության ղեկին, այլևս որևէ մանդատ չունի ժողովրդի անունից խոսելու և ներկայացնելու ՀՀ-ն»,- շեշտել է Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղվա հանրահավաքին մանրամասն ներկայացվելու է իրենց հայեցակարգային մոտեցումները Արցախի հարցի կարգավորման և ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս