Bloomberg. ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը երկար է ձգվելու

Իրանն ու Միացյալ Նահանգները հայտնվել են մի պատերազմի ծուղակում, որտեղ ոչ մի կողմ չգիտի՝ ինչպես հաղթել, գրում է Bloomberg-ը: Պարբերականը հստակեցնում է, որ հրթիռային ու ռմբային փոխադարձ հարվածների, ինչպես նաև հրադադարի պայմանների շուրջ վեճերի մի քանի ամիսներից հետո «հստակ դարձավ՝ կողմերից ոչ մեկը չի կարող վճռական հաղթանակ տանել»:

Գործակալությունը կանխատեսում է բանակցությունների անօգուտ լինելը, ինչպես նաև «բռնության հերթական ալիքների» գնալով ավելի արյունալի դառնալը: Bloomberg-ը նշել է նաև կողմերի առավելությունները. Իրանն ունի Հորմուզի նեղուցի վրա ազդելու և համաշխարհային տնտեսության վրա ծախսեր բարդելու լծակներ, մինչդեռ ԱՄՆ-ն ունի ռազմական հզորության ու կրակային առավելություն: Սակայն այս գործոններից ոչ մեկը «չի կարող վերջ դնել պատերազմին», որը երկար է տևելու և տեսանելի ապագայում չի հանգուցալուծվելու: Գործակալությունը նաև փաստում է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանը նույնիսկ մոտ չեն իրենց ռեսուրսները սպառելուն:

Ուշագրավ է, որ այս պատերազմի գլխավոր սադրիչն ու շահառուն՝ Իսրայելը, հրապարակման մեջ հիշատակվում է ընդամենը երկու անգամ, ընդ որում՝ երկուսն էլ բացառապես 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարի 28-ից Իրանին հարվածներ հասցնելու համատեքստում: Մինչդեռ Bloomberg-ի վերլուծության մեջ ընթացիկ իրավիճակը նկարագրվում է բացառապես որպես Վաշինգտոնի և Թեհրանի հակամարտություն: Այս առումով Թել Ավիվի շահն ակնհայտ է:

Կարելի է համաձայնել այն մտքի հետ, որ ստեղծված իրավիճակն Իսրայելի ամենահաջողված աշխարհաքաղաքական գործողություններից մեկն է նրա ողջ պատմության ընթացքում: Եվ այն, անշուշտ, սկսվել է ոչ թե 2025 թվականի հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ամերիկյան հարվածների պահին, և ոչ էլ 2026 թվականի փետրվարի 28-ին Թեհրանի դեմ Վաշինգտոնի ու Թել Ավիվի համատեղ ագրեսիայի սկզբով, այլ 2017 թվականի հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալու պահին:

Հենց այդ ժամանակ՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում, դրվեցին Իրանի դեմ զինված ագրեսիայի հիմքերը՝ 2018 թվականին ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից (JCPOA) դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը վերականգնելու միջոցով: Հենց այդ ժամանակ էլ ամրապնդվեց Իսրայելի աշխարհաքաղաքական դիրքը՝ Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը որպես նրա մայրաքաղաք ճանաչելու, այնտեղ ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու, ինչպես նաև սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ իսրայելական անեքսիան ընդունելու միջոցով:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի անվերջության մասին թեզին, ապա կարելի է համաձայնել նաև Bloomberg-ի այս տեսակետի հետ: Հիմնական պատճառը կողմերի անզիջում լինելն է, որոնք ունեն արմատապես տարբեր շահեր: Որևէ համաձայնություն հնարավոր է միայն ԱՄՆ-ի կամ Իրանի կողմից լուրջ զիջումների դեպքում, ինչն առայժմ տեսանելի չէ:

Բացի այդ, հարկ է հասկանալ, որ Թեհրանի որևէ զիջում կլիներ միայն դադար՝ նախքան ԻԻՀ-ի վրա ճնշման հաջորդ փուլը: Պատճառը պարզ է. ամերիկա-իսրայելական պլանները չեն նախատեսում անկախ իրանական պետության գոյություն, և Թեհրանում շատ լավ պատկերացնում են թշնամու ռազմավարական նպատակները:

Իրականում, Իրանի դեմ նոր ինտենսիվ և երկարատև ռազմական արշավ սկսելուց Թրամփի վարչակազմին հետ են պահում միայն երկու հանգամանք: Առաջինը և գլխավորը բարձր ճշգրտության զենքերի, առաջին հերթին՝ ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի պաշարների սպառումն է: Երկրորդը՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տապալել չցանկանալն է: Սրանից էլ բխում է ԱՄՆ-ի անցումը «հարված՝ դադար» մարտավարությանը, որն Իրանն արդեն բացահայտել է և ի պատասխան՝ իրականացնում է հրազենային ներգործության ավելի երկար շարքեր:

Եվ, թերևս, ամենակարևորը․ Bloomberg-ը ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը ներկայացնում է որպես ինչ-որ դիմակայություն-մրցակցություն՝ աղոտ դարձնելով պատերազմի արդարության հարցը: Չէ՞ որ խոսքը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ագրեսիայի մասին է ինքնիշխան պետության դեմ, և հենց Իրանն է արդար պատերազմ մղում՝ պաշտպանելով իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ի դեպ, այսօր լրանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի 60-օրյա ժամկետը, որը, ինչպես և կանխատեսվում էր, չհանգեցրեց վերջնական կարգավորման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31