Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, վերքդ փորփրում է,խոշտանգման ես ենթարկվում. զոհվածի ծնող
«Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակ, 44-օրյա պատերազմում որդուն՝ Դավիթ Գևորգյանին կորցրած Ալիսա Գևորգյանն իրատեսական չի համարում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը:
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բակում, որտեղ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն էին հավաքվել՝ հարցով, թե ինչու է հետաձգվել Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը: Որդեկորույս ծնողներին միացած Ալիսա Գևորգյանն այդ հարցին իր պատասխանը տվեց. «Դուք տրամաբանական գործընթացներ եք ակնկալում մի երկրում, որտեղ 4 տարի տրամաբանությունը առհասարակ չի գործում, մի երկրում, որտեղ անօրինական ճանապահով իշխանություն են զավթել, որտեղ ՍԴ և դատարանների մուտքեր են փակել, բնականաբար, տրամաբանության սահմաններում մենք Նիկոլ Փաշինյանից և նրա ղեկավարած այս կառույցներից ոչինչ չենք ակնկալում, բայց դա այնուամենայնիվ չի նշանակում, որ մենք պետք է նստենք-նայենք, թե մեր երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակը ոնց է մեզ ձեռք առնում, ծաղրում մեր զգացմունքները, ամեն օր մեզ խոշտանգումների ենթարկում, որովհետև, երբ տեսնում ես, որ քո զավակի դահիճը պատժված չէ, ավելին՝ ամեն օր փորփրում է քո վերքը, դու խոշտանգման ես ենթարկվում»:
Ալիսա Գևորգյանը շեշտեց՝ որևէ մեկը չի ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանն այնքան արժանապատվություն կունենա, որ պատասխանատվություն կրի, բայց շեշտեց՝ պետք է պատասխան տա և կալանավորվի:
«Չի՛ կարող հասարակության մի հատվածը մյուս հատվածի կյանքը դժոխքի վերածել, և ինքը հանգիստ ապրի. էդպես չի լինում բնության մեջ, ուղղակի չի լինում: Իրենք չեն կարող 5000 երեխու մորթել, 5000 ընտանիք դժոխքի վերածել և հանգիստ ապրել: Եվ հիմա էլ դժգոհել, թե՝ էս ինչի՞ են ճանապարհները փակում, մարդիկ զարմանում են, թե՝ էս ինչի՞ են ճանապարհները փակում: Գիտեք, տեղյակ չեն, որ էս երկրում էդպիսի սպանդ է եղել, որ նման հանցագործություն է տեղի ունեցել, որ իշխանության գալու առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը քանդում էր էս բանակը, էդ բանակից հեռացնում էր բոլոր էն մարդկանց, որոնք մեր հաղթանակների մեջ, մեր բանակի կայացման մեջ էական դեր և նշանակություն են ունեցել:
Առաջին օրվանից ակնհայտ էր, չէ՞, սրիկան ինչ էր անում: Այն մարդիկ, որոնք մտածելու կարողություն ունեին, մտածում էին, բայց ցավոք, ամբոխի դեմ ոչինչ չէին կարողանում անել:
Բարեբախտաբար, այսօր այդ ամբոխը ոնց որ ավելի քչանում է, Նիկոլի անոների, ախուրյանցի անոների մակարդակով մի քիչ սահմանափակվում է»,- հավելեց զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը:
Նա նշեց, որ այսօր ուժային կառույցները կանգնած են ընտրության առջև՝ պահել օրե՞նքը, թե՞ Նիկոլ Փաշինյանին:
«Այն, ինչ անում էր Նիկոլ Փաշինյանն իր իշխանության գալու առաջին օրվանից, այս պատերազմի նախապատրաստական աշխատանքն էր, և այն, ինչ անում է մինչև հիմա՝ այդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այնպես չէ՝ հիմար չեն այստեղ հավաքվածները. մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ եք արել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և դուք պատասխան եք տալու:
Այսօր չլինի, վաղը կլինի, մենք չենք հոգնելու, մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք վախենալու և կորցնելու ոչինչ չունեն: Եթե դուք այսօր եք վախենում ծնողների հետ հարաբերվելուց, իմացեք՝ միշտ եք վախենալու: Դուք այնպիսի արյան տակ եք մտել, որ միշտ վախենալու եք: Դուք այլևս հանգիստ կյանք չեք ունենալու. Ձեր՝ հանգիստ ապրելու միակ տարբերակն էս արյունից ձեր ձեռքերը լվանալն է՝ Նիկոլ Փաշինյան կամ արդարություն: Դուք այսօր ընդամենն այս ընտրության առաջ եք կանգնած»,- հավելեց Ալիսա Գևորգյանը՝ դիմելով քննչականի ղեկավարությանն ու աշխատակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում